Ես հայ երաժիշտ եմ եւ կապ չունի, թե որտեղ եմ ապրում. Նարեկ Հախնազարյանին ծափահարում է ողջ աշխարհը

 

Նորանկախ Հայաստանի մշակույթի ոլորտում կան անուններ, որոնք իսկական հայտնություններ դարձան եւ՛ մեր, ե՛ւ աշխարհի արվեստասերների համար: Նրանց շարքում է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: 30-ամյա երաժիշտն արդեն հասցրել է մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների եւ արժանանալ բարձր գնահատանքի, մրցանակների եւ պատվոգրերի: 2007թ. Պ.Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման, 2011թ. դարձել է նույն մրցույթի հաղթող եւ ոսկե մեդալակիր, Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 հատուկ մրցանակի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակին եւ ոսկե մեդալի: Ստեղծագործական ակնառու նվաճումների համար արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, իսկ 2017թ.՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
Նրան իրենց բեմահարթակներում են ցանկանում տեսնել բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ, ուստի, նա խիստ բազմազբաղ է եւ ավելի շատ շրջագայում է, քան այցելում հայրենիք: Օրերս Երեւան էր ժամանել «Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցելու համար: «Արմենպրես»-ի թղթակիցը, օգտվելով առիթից, զրուցեց Նարեկ Հախնազարյանի հետ: Զրույցը արտիստի ստեղծագործական գործունեության, հաջողությունների ու անհաջողությունների, Շառլ Ազնավուրի հետ մտերմության, համաշխարհային մեծությունների հետ համագործակցության, հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո, առաջիկա անակնկալների, նախասիրությունների եւ խենթությունների մասին է:
— Ինչպե՞ս ընտրեցիք մասնագիտական ուղին, որը Ձեզ կարճ ժամանակահատվածում միջազգային համբավ բերեց: Որոշիչը Ձեր անձնայի՞ն հատկանիշներն էին, թե՝ արվեստագետների ընտանիքում մեծացած լինելու հանգամանքը:

-Առանց մտավոր կարողության եւ բնածին մեծ ընդունակությունների, երաժշտարվեստում առաջ գնալը պարզապես անհնար է, թեպետ, ի զարմանս մեզ, հակառակը վկայող օրինակներ եւս շատ կան: Երբ մարդը տաղանդավոր է, բայց միաժամանակ ալարկոտ, հաջողությունների չի կարող հասնել: Ուստի, ըստ իս, հաջողությունների մոտավորապես 20 տոկոսը տաղանդն է, մնացածը` թե ինչպես այն գործի կդնես: Իսկ դրա համար պետք է, առաջին հերթին, խելացի մոտեցում, աշխատասիրություն, ձգտում եւ ոչ միայն: Շատ երաժիշտների թվում է, թե ամեն օր տասը ժամ պարապելը ինչ-որ բանի անպայման կհանգեցնի: Բնավ այդպես չէ, ավելին կասեմ` վնասակար է այդքան պարապելը: Իսկ արվեստագետների ընտանիքից սերելու հանգամանքը, այո, վճռորոշ նշանակություն ունեցավ իմ կյանքում: Ծնողներս են բացահայտել իմ երաժշտական տաղանդը: 6 տարեկանում երբեք չեմ երազել թավջութակահար լինելու մասին: Հայրս եւ մայրս պրոֆեսորներ են, ֆանտաստիկ երաժիշտներ` Սուրեն եւ Գայանե Հախնազարյանները, ես նրանց համարում եմ իմ կյանքի ամենակարեւոր ուսուցիչները:
-Միջազգային մրցույթներում արձանագրած հաղթանակներից ո՞րն է Ձեզ համար ամենանվիրականը: Եվ մյուս հարցը. 2017 թվականին ստացաք ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, ի՞նչ փոխեց այն Ձեր ստեղծագործական կյանքում:

— Անկասկած` 2011 թվականին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում տարած հաղթանակը: Միջազգային տարբեր մրցույթների եմ մասնակցել, դրանցից միայն գումար եմ վաստակել: Սակայն, դրանք իմ ստեղծագործական կյանքում առանձնապես մեծ բան չեն փոխել: Չայկովսկու մրցույթի հաղթանակը բացեց ինձ համար բազում դռներ, նոր հորիզոններ: Միայն եզրափակիչ համերգի օրը ստորագրեցի շատ կարեւոր երեք պայմանագիր: Հրավերները, համագործակցություններն ու համերգները հաջորդում էին մեկը մյուսին: Այդ մրցույթը առաջիններից մեկն էր, որ ամբողջ աշխարհում ուղիղ հեռարձակում ուներ եւ հազարավոր մարդիկ կարող էին դիտել ու ճանաչել մասնակիցներին: Հաղթանակը իմ՝ երաժշտի կյանքը դրական իմաստով գլխիվայր փոխեց: Մրցանակներն ու կոչումներն ինձ վստահություն են ներշնչում, ոչ ավելին: Իհարկե, շատ հաճելի է, երբ քո հայրենիքում մարդկանց ոչ միայն դուր է գալիս այն, ինչ դու անում ես, այլեւ գործդ արժեւորում ու գնահատում է երկրի կառավարությունն այդպիսի բարձր մակարդակով: Կոչումներն իմ առջեւ դրված նպատակների վրա ոչ մի կերպ չեն ազդում: Չեմ բավարարվում ասելով` ՀՀ վաստակավոր արտիստ եմ, սա մասնագիտական ամենամեծ ձեռքբերումն է: Ես այն ընդունում եմ որպես վստահության քվե: Իմ ստեղծագործական գործունեության ամենավառ իրադարձություններն ու ամենամեծ թռիչքները դեռեւս առջեւում են:
-Ամերիկյան հայտնի պարբերականներից մեկը` «Վաշինգտոն փոստը», անվանեց Ձեզ ֆենոմենալ թավջութակահար: Ինչպե՞ս եք կարողանում նվագել առանց նոտաների:

-Երբեմն ինձ անհրաժեշտ է պարզապես աչքերս փակել եւ «սուզվել», խորամուխ լինել երաժշտության բարձր ու մեծ «ալիքների» մեջ, իսկ այդպիսի դեպքերում նոտաները շատ հաճախ շեղում են միտքս: Երբեք առանց նոտաների չեմ նվագում ստեղծագործություն, որի մեջ համոզված չեմ ամբողջապես: Որպեսզի համերգն իմ մտապատկերում առնվազն 90 տոկոսով հաջողված թվա, բեմ եմ դուրս գալիս 150 տոկոսով պատրաստ եւ հաստատուն մտքով: Երաժշտարվեստում մոտավորապես նույնն է, ինչ թատերական արվեստում. դերասանը սովորում է գլխավոր տեքստը, բայց երբեմն շեղվում է, եւ դա այնքան վարպետորեն ու գեղեցիկ է անում, որ ռեժիսորը թույլ է տալիս: Կապ չունի, թե տվյալ ստեղծագործությունը որքան է իմ մեջ «խմորվել»: Ամեն անգամ այն վերստին կատարելն ինձ համար մի նոր ճամփորդություն է դեպի երաժշտական աշխարհ: Բայց այնպես չէ, որ միշտ առանց նոտաների եմ բեմ դուրս գալիս, դա անհնար կլիներ: Նոր, ժամանակակից գործեր կամ համաշխարհային պրեմիերաներ նվագելիս, նոտաները օգնական են, քանի որ շատ «խիտ» օրակարգի պատճառով պարզապես անհնար է լինում ստեղծագործությունն անգիր անել: Իսկ արդեն պարապմունքների ժամանակ, անգիր սովորած երաժշտությունների նոտաները կրկին դնում եմ առջեւս, որպեսզի հիշողությանս մեջ բաց թողնված փոքրիկ երաժշտական նրբերանգները կրկին վերականգնվեն:
— Ասում են` արվեստը անկեղծություն է սիրում, իսկ ո՞րտեղ է Ձեր եւ բարձր արվեստը գնահատող ունկնդրի միջեւ անցնող անկեղծության սահմանը: Չափազանց զգացմունքային եք նվագելիս: Ի՞նչ եք զգում եւ ի՞նչ եք ուզում ասել հանդիսատեսին:

— Մոտավորապես զգում եմ այն, ինչ ունկնդիրը` ստեղծագործությունը լսելիս: Այն ինչ ապրում եմ բեմում` նվագելիս, փորձում եմ երաժշտության միջոցով փոխանցել լսարանին: Հույզերը պետք է բնական լինեն, սա է անկեղծության սահմանը: Կան երաժիշտներ, ովքեր փորձում են արհեստական տեսարաններ ստեղծել, եւ այդպիսով` տպավորություն գործել հանդիսատեսի վրա: Բայց դա արհեստական է: Երաժիշտը, որպես կանոն, կամրջի դեր է կատարում կոմպոզիտորի եւ լսարանի միջեւ: Ինձ միայն կոմպոզիտորի խոսքը փոխանցելը բավական չէ: Ես փորձում եմ նվագելիս նաեւ հասկանալ, թե ինչ զգացմունքներ է երաժշտությունը կրում իր ներսում: Այն պետք հոգեւոր կապ ստեղծի իմ եւ լսարանի միջեւ, հույզեր արթնացնի, կապ չունի ինչպիսի` տխուր, հանգիստ թե կենսուրախ:
— Հանդիսականների անվերջանալի ծափերը վկայում են, որ Ձեր բոլոր ելույթները ոգեւորության մեծ ալիք են առաջացնում եւ արժանանում բարձր գնահատանքի: Իսկ երբեւէ եղե՞լ է հակառակը` հնչե՞լ են քննադատական կարծիքներ, դժգոհություններ մասնագետների կամ պարզապես Ձեր կատարումները սիրող անհատների կողմից:

— Երբ ասում ենք մասնագետներ, պետք է հասկանանք, թե նրանք ովքեր են: Մեր օրերում կան երաժիշտ-քննադատներ, որոնք իրենց պրոֆեսիոնալներ են համարում եւ որոնց հասարակության մի ստվար մաս եւս համարում է պրոֆեսիոնալ: Բայց նրանցից շատերը մասնագետներ չեն, կամ, որ ավելի ճիշտ է` ընդհանրապես երաժիշտներ չեն: Ամերիկայում մի շարք հայտնի խմբագրությունների լրագրողներ երաժշտությունից հեռու մարդիկ են: Օրինակ` «The Boston Globe» պարբերականի երաժշտության բաժնի լրագրողը փաստաբան է: Երբ այս մարդիկ քննադատական հոդվածներ են գրում, վատ բաներ են ասում կամ նրանց ինչ-որ մի բան դուր չի գալիս, ես ուշադրություն չեմ դարձնում: Շատ լուրջ քննադատություններ գոնե ինձ համար պրոֆեսիոնալ համարվող մասնագետների կողմից հավանաբար չեն եղել, թեեւ ես «բաց» եմ եւ ուզում լսել իմ հարգարժան գործընկերների կարծիքները: Համերգներից հետո, երբ շատ անգամ մոտենում են շնորհավորելու, ես եմ ընդառաջ գնում հարցնելու, թե ինչն էր թերի եւ ինչ կարող են խորհուրդ տալ: Հիշում եմ, երբ առաջին հանդիպման ժամանակ իմ մեծագույն ուսուցիչներից մեկին` Վալերի Գերգիեւին տվեցի, որ ուսումնասիրեր իմ մասին կարծիքը, ասաց` «Նարեկ այս ինչ է, չեմ ուզում կարդալ, եւ քեզ խորհուրդ եմ տալիս քո մասին գրված ոչ մի կարծիք չկարդալ, որովհետեւ, երբ սկսես հավատալ լավ խոսքերին, կհավատաս նաեւ վատերին»: Ես փորձում եմ հետեւել նրա այս խորհրդին: Ինձ հետաքրքրում է ունկնդրի սերը, վերաբերմունքն ու գնահատականը: Մնացածը երկրորդական բաներ են:
— Անհաջողություններ, հիասթափություններ եղե՞լ են: Ինչպե՞ս եք դուրս գալիս նման իրավիճակներից:
— Այո, երբեմն նաեւ պարտվել եմ, կամ՝ իմ սպասելիքները չեն արդարացել: Բայց երբեք ինձ չեմ հուսադրել այն մտքով, թե` ոչինչ, կարեւորը մասնակցությունն էր: Համարում եմ սա սխալ մոտեցում: Եթե ինչ-որ բան չի ստացվել, պարզապես շատ զգոն եւ սառնասրտորեն փորձում եմ հասկանալ, թե ինչու: «Խորը» հիասթափություն ապրել եմ 2007թ. Չայկովսկու միջազգային մրցույթում, երբ զբաղեցրեցի չորրորդ թե հինգերորդ տեղը: Այդ ժամանակ 18 տարեկան էի: Շատ էի տխրել ժյուրիի աշխատանքից: Այդ տարի մեծ կոռուպցիա էր մրցույթում: Ժյուրիի նախագահը առաջինից մինչեւ երրորդ տեղերն իր աշակերտներին դարձրեց դափնեկիր: Ես ինձ խոստացա այլեւս երբեք չմասնակցել Չայկովսկու մրցույթին: Բայց երբ 2011 թվականին տեսա ժյուրիի անդամների կազմը, հասկացա, որ պետք է փորձեմ: Վալերի Գերգիեւը, ով այդ տարի դարձավ ժյուրիի նախագահը, փոխեց ամեն ինչ: Եթե 20 տարի շարունակ ժյուրիի կազմում նստած էին հայտնի դասախոսներ, ովքեր փորձում էին իրենց աշակերտներին աջակցել, այս մրցույթում կազմը ձեւավորվել էր մեծահամբավ, ֆանտաստիկ թավջութակահարներից, որոնց մինչ այդ էլ հարգում եւ սիրում էի. Մարիո Բրունելո, Լինն Հերլ, Քշիշտոֆ Պենդերեցկի… Անուններ, որոնք ամբողջ աշխարհում թնդում են բեմերի վրա, եւ ոչ թե կոնսերվատորիաներում ու լսարաններում:

-Մասնակցել եք աշխարհահռչակ երաժիշտների դասընթացներին: Ո՞րն է եղել ամենակարեւոր դասը, որ փոխել է Ձեր ստեղծագործական պատկերացումները երաժշտության նկատմամբ:

-Անմոռանալի դաս Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ: Ինքնավստահ 14 տարեկան պատանի էի: Նրա համար նվագեցի Ռոբերտ Շումանի «Ֆանտաստիկ պիեսներ» գործը: Ընդամենը մեկ ֆրազից հետո Ռոստրոպովիչն ինձ ընդհատեց եւ հարցրեց, թե այդ հատվածում դաշնամուրի համար նոտաներում ինչ նյուանս է գրված: Ասացի` չգիտեմ, ինքս ինձ հարցնելով` ինչու է հարցնում դաշնամուրի համար ինչ է, չէ՞ որ իր դասն է: Ռոստրոպովիչն ասաց` «մեկ անգամ էլ նվագիր»: Կրկին նվագեցի, էլ ավելի մեծ ջանքերով ցուցադրելով այն, ինչ ունեմ: Երկու ֆրազից հետո նորից դադարեցրեց ու տվեց նույն հարցը: Բացասական պատասխան լսելուց հետո` նոտաները փակեց, ասաց. «Եղավ, մեր դասն ավարտված է, գնա տուն: Մեկ ամիս պարապիր: Կվերադառնամ Մոսկվա, եւ այս գործն ինձ համար կնվագես դաշնամուրով»: Անկեղծ ասած` ցնցված էի, որովհետեւ շատ ծանր է այդ գործը դաշնամուրով նվագել եւ ոչ մի հեռանկար չկար, որ կհաջողացնեմ: Բայց ինձ հանձնարարված դասը սովորեցի: Ռոստրոպովիչն իրականում փորձում էր սովորեցնել, որ երաժիշտը միայն իր գործիքից հնչող նոտաների կրողը չէ, նա ամբողջ խումբն է, եւ բոլորովին կապ չունի` մենակատար է նվագախմբի հետ, թե դուետ, տրիո կամ կվարտետ: Եւ ես հասկացա, որ բեմի վրա երաժիշտները պետք է ներդաշնակ լինեն մեկը մյուսին: Դա «ամենադաժան», բայց ամենաօգտակար դասն էր իմ կյանքի: Նրան իրականում պետք չէր, որ ես դաշնամուրով այդ գործը սովորեմ: Նա ուզում էր, որ պարտիան անգիր իմանամ, եւ դա իմ պատկերացումները իսկապես փոխեց:
-Ինչպե՞ս ձեռք բերեցիք Ջուզեպպե Գվարներիի 1707 թվականին ստեղծած թավջութակը, եւ ո՞ւր է հիմա այն:

— Այն հիմա ինձ մոտ է: Իմ երազանքն է ունենալ այդպիսի գործիք, բայց, ցավոք, այն վարձով է տրված կոլեկցիոների կողմից` անժամկետ: Այն իսկապես ֆանտաստիկ գործիք է: Մոտ չորս տարի նվագեցի ժամանակակից թավջութակով, սակայն այն չէր բավարարում իմ երաժշտական, ստեղծագործական պահանջները: Այս «հրաշքով» կարողանում եմ կենդանություն տալ իմ մտքերին, գաղափարներին, ինչը շատ կարեւոր է երաժշտի համար: Մի առիթով ընկերներիցս մեկին բացատրեցի, թե ինչ ասել է` լավ երաժշտական գործիք: Ասում եմ` պատկերացրու, եթե «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարին մասնակցում ես «Ռենո լոգան» մեքենայով: Չի ստացվի, ինչքան էլ լավ վարորդ լինես, միեւնույն է՝ չես կարող հաղթել: Մոտավորապես այսպես նաեւ երաժշտական աշխարհում է: Հին իտալական գործիքները հրաշալի ձայնային ներկապնակ ունեն, տալիս են անսահման հնարավորություններ:
— Մրցույթներում միշտ ներկայացնում եք Հայաստանը: Իսկ սովորական համերգային շրջագայությունների ժամանակ օտար բեմերում ելույթ ունենալիս հայ լինելու զգացողություն նույնպե՞ս ունենում եք:

— Ես չափազանց հպարտ եմ, որ հայ եմ: Ճիշտ եք նկատել, միշտ հանդես եմ գալիս եւ ամբողջ կյանքում ներկայացնելու եմ միայն Հայաստանը: Դա ինձ համար սկզբունքային է: Մեծացել եմ Մոսկվայում, հիմա ապրում եմ Ավստրիայում, բայց, ի տարբերություն օտար երկրներում ապրող գործընկերներիս, երբեք չեմ ներկայանա հայ-ավստրիացի երաժիշտ: Ես հայ երաժիշտ եմ եւ կապ չունի, թե որտեղ եմ ապրում: Ավելին ասեմ` բեմական դասական հագուստը ես փոխել եմ հայ դիզայներների շապիկներով: Տվյալ պահին նվագում եմ Վահան Խաչատրյանի ստեղծած շապիկով, որն ունի հայկական զարդանախշեր: Եվ երբ հետաքրքրվում են, պատասխանում եմ` դարերի խորքից եկած հայկական զարդանախշեր են:
— Հայրենիքում Ձեր սիրելի անկյունը:

— Ես կասեմ` յուրաքանչյուր անկյուն, որտեղից Արարատը երեւում է: Երբ վերադառնում եմ հայրենիք, ում առաջինը «բարեւում» եմ՝ Արարատն է: Այն պետք է որ առանձնահատուկ նշանակություն ունենա յուրաքանչուր հայի համար: Այս երկրի ամեն անկյունը, ամեն «քարն» ինձ համար հարազատ է: Ավելին ասեմ` իմ ճամպրուկում պահում եմ մի կտոր քար Հայաստանից:
— Հոկտեմբերի համերգները նվիրեցիք Շառլ Ազնավուրի հիշատակին: Ո՞վ էր շանսոնյեն Ձեզ համար: Հրապարակեցիք նկարներ, որտեղ միասին էիք: Ինչպե՞ս եք ծանոթացել, պատմե՛ք ձեր մտերմության մասին:
— Ինձ բախտ է վիճակվել մաեստրոյին հանդիպել 2015 թվականին Կաննում կայացած «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանն այդ տարի պատվավոր հյուր էր: Ես այնտեղ նվագում էի: Ընթրիքի ժամանակ շփվեցինք: Գնահատանքի խոսքեր ասում էր, բայց կարճ, լակոնիկ: Երբեք հենց այնպես ոչինչ չէր ասի, «ցնցում» առաջացնող արտահայտություններ չէր անի, իսկ այդ օրը պարզապես շնորհավորեց, ջերմ խոսքեր ասաց: Ինձ համար այդ հանդիպումը շատ թանկ է, սրտալի: Շառլ Ազնավուրը օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի իսկական երաժիշտն ու արտիստը` հավատարիմ իր ընտրած ուղուն, եւ ինչպիսին պետք է լինի հայը` առանց ավելորդ, բարձրագոչ խոսքեր ասելու, գլուխ գովելու: Երբեք խոստումներ չի տվել, միայն գործել է: Գործի մարդ էր, ինչը հայերի մեջ, թերեւս, քիչ հանդիպող երեւույթ է:
— Համաշխարհային մեծություններից ո՞ւմ հետ եք մտերիմ, ո՞ւմ հետ եք համագործակցում:

-Մի շարք հայտնի երաժիշտների հետ եմ համագործակցել, եւ ինձ թվում է` եթե սկսեմ անուններ նշել, ոմանց կարող է մոռանամ, անարդար կլինի: Շատ մտերիմ էի փայլուն ռուս երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ, որը, ցավոք, անցյալ տարի մահացավ: Ընկերություն եմ անում Հենրիխ Մխիթարյանի հետ, որին շատ եմ սիրում, եւ համարում եմ բացառիկ տաղանդով օժտված անձնավորություն: Ինձ թվում է` նա աստղային մակարդակի ամենաինտելեկտուալ եւ ամենահամեստ ֆուտբոլիստներից մեկն է: Մի մարդ, որը հանգիստ տիրապետում է 7 լեզվի, եւ ոչ մի մեծամտություն կամ «աստղային» կեցվածք չունի:
— Եթե չլինեիք թավջութակահար…

Հավանաբար, ֆուտբոլիստ կլինեի, ինչի մասին երազում էի 6 տարեկանում: Չգիտեմ՝ կարելի՞ է այդ տարիքի ցանկություններին լուրջ վերաբերել: Բայց, իրականում ինձ չի թվում` լավ ֆուտբոլիստ կլինեի, շատ արագ վազել չեմ կարողանում, իսկ այս սպորտում վազելը գլխավոր նախապայմանն է: Շատ կուզենայի դաշնակահար լինել: Այս գործիքն այնպիսի մեծ նվագացանկ ունի, այնպիսի ֆանտաստիկ գործեր կան, որոնց համար արժեր դառնալ դաշնակահար:
— Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ, ի՞նչ նախասիրություններ ունեք:

— Սիրում եմ բացահայտել հետաքրքիր ռեստորաններ, ուտեստներ: Ծանոթանում եմ նոր մարդկանց հետ, ունենում հաճելի շփումներ: Իմ մասնագիտության ամենադրական կողմերից մեկը ճամփորդությունն է ամբողջ աշխարհում, ինչը նաեւ նախասիրություն է: Այն իմ կյանքն է: Եթե երկու շաբաթ ոչ մի տեղ չեմ մեկնում, «տառապում» եմ: Օդի նման անհրաժեշտ է դառնում մեկնել ինչ-որ տեղ: Եթե ճիշտ երկրում եմ, սիրում եմ ջազ-ակումբներ գնալ, այս երաժշտությունն իմ կիրքն է: Եթե չլինեի դասական երաժիշտ, վստահաբար կարող եմ ասել, որ կդառնայի ջազ-երաժիշտ:
— Առաջիկայում համագործակցության ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ անակնկալներ են սպասվում:

— Ինձ համար մեծ մի իրադարձություն տեղի կունենա: Աշխարհի ամենահեղինակավոր կամերային դահլիճներից մեկը` Լոնդոնի «Wigmore hall»-ը, այս շրջանում իմ անվան համերգների շարք է կազմակերպել: Շատ մեծ պատիվ է այն ինձ համար: Լինելու է 4 համերգաշրջան, որոնցից մեկն արդեն հոկտեմբերին նվագեցի, իսկ շարունակությունը 2019 թվականին է: Եղբորս` դիրիժոր, ջութակահար Տիգրան Հախնազարյանի եւ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, 2019թ. կթողարկենք ձայնասկավառակ, որում ընդգրկված են Ալեքսանդր Հարությունյանի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Կարծում եմ` մեծ իրադարձություն է, երբ եվրոպական ամենահեղինակավոր նվագախմբերից մեկը երկու հայ երաժիշտի հետ ոչ միայն նվագում, այլեւ թողարկում է հայ կոմպոզիտորների գործերը: Իսկ մնացած անակնկալների մասին՝ իրենց ժամանակին:
— Սիրելի երաժիշտը, գրողը, գիրքը, ֆիլմը:

— Ինձ համար երաժշտական հերոսներ են դաշնակահարեր Ռախմանինովը, Էմիլ Գիլելսը, թավջութակահարներից Յո-Յո Ման, Ռոստրոպովիչը: Գրողներից սիրում եմ Գոգոլի, Ջեկ Լոնդոնի գործերը: Սիրածս ստեղծագործությունը «Փոքրիկ իշխանն» է: Այն առնվազն ամեն երկու տարին մեկ վերընթերցում եմ եւ ինձ համար ասես անձնական աստվածաշունչ է: Ունի մաքրելու, հոգուցդ ամեն ավելորդություն հանելու անբացատրելի ուժ: Ունեմ մի շարք սիրելի ֆիլմեր, սակայն ամենահզորն ինձ համար «Կնքահայրն» է: Ես այն համարում եմ հանճարեղ ստեղծագործություն: Մարդկային հոգեբանության հանրագիտարան է: Հարաբերությունները, որոնք Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան պատկերում է ֆիլմում, չափազանց մարդկային են եւ կարող են հանդիպել երաժշտական կամ ցանկացած այլ միջավայրում:
-Եւ վերջին հարցը` Ձեր երկրպագուհիների անունից՝ ամուսնացա՞ծ եք: 

-Այո, ամուսնացած եմ: Նա երգչուհի է: Ոլորտն ինձ համար երբեք կարեւոր չի եղել: Իմ առջեւ չեմ դրել նախապայման, թե անպայման պետք է երաժիշտ լինի: Կարեւորում եմ երեք արժանիք` ազնվություն, խելացիություն եւ գեղեցկություն:

https://armenpress.am/

Be the first to comment on "Ես հայ երաժիշտ եմ եւ կապ չունի, թե որտեղ եմ ապրում. Նարեկ Հախնազարյանին ծափահարում է ողջ աշխարհը"

Leave a comment

Your email address will not be published.


*