Կրքերը թեժանում են. ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը նոր հայտարարություն է արել

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը նշել է, որ ամեն դեպքում որոշումը կայացվելու է ՀԱՊԿ-ի վեց երկրների կոնսենսուսի հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր երկրների շահերը։

 

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Յուրի Խաչատուրովի լիազորությունները ժամանակից շուտ հանձնելուց հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը Հայաստանին վերապահելու Երևանի առաջարկությունն անարդյունավետ է, շատ երկրներ են այդպես կարծում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

 

«Նոյեմբերի 8–ին Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների քննարկման արդյունքում մի քանի մոտեցում է ձևավորվել՝ ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումով նախատեսած ռոտացիոն սկզբունքի գործածումը, ըստ որի` նախագահությունը փոխանցվում է այբբենական կարգով (ըստ դրա՝ հաջորդը Բելառուսի Հանրապետությունն է)։ Հենց այդ սկզբունքի մասին էր խոսում Ղազախստանի նախագահը՝ ամփոփելով Աստանայի քննարկման արդյունքները», — ասել է Սեմերիկովը։

Նա նշել է, որ ՀԱԽ-ը շարունակում է դիտարկել այդ հարցը «ավանդական կառուցողական փոխներգործության ու դաշնակցության ոգով»։

«Միաժամանակ ուզում եմ առանձին նշել, որ ամեն դեպքում որոշումը կայացվելու է զուտ ՀԱՊԿ-ի վեց երկրների ձևաչափով՝ կոնսենսուսի հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր երկրների շահերը», — ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

Նա կոչ է արել մամուլին զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք «չեն արտացոլում Կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրական գործընթացները»։

Սեմերիկովը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ու միացյալ շտաբը լիովին իրականացնում են ՀԱԽ-ի այն բոլոր խնդիրները, որոնք կապած են Կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման հետ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյից ու Նուրսուլթան Նազարբաևից` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի վերաբերյալ հայտարարությունների համար։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։

«Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը»,- լրագրողներին ասել էր Փաշինյանը:

Նա շեշտել էր, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես որոշվելու է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին։

https://armeniasputnik.am/

 

Be the first to comment on "Կրքերը թեժանում են. ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը նոր հայտարարություն է արել"

Leave a comment

Your email address will not be published.


*