Ծերանոցում ապրող տատիկ-պապիկներն ու մանկատան սաները կհավաքվեն մի հարկի ներքո

 

Ամանորին ընդառաջ մինչ  Ձմեռ պապիկի հետ հանդիպումը Հայաստանում մանկատան սաներն ու ծերանոցում ապրող, թոռնիկի քաղցրությանը կարոտ պապիկ-տատիկները մի քանի ժամով կհավաքվեն մի հարկի ներքո՝ կյանքի կոչելով «Մի մեծ ընտանիք» նախաձեռնությունը։

 

Այն հղացել են Գերմանիայում գործող «Հայ Արմատ» ՀԿ-ի հիմնադիրներ Անժելա Ղազարյանն ու Անի Դալլաքյանը։ Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ կազմակերպության անդամներն այցելել են Երևանի Հաղթանակ թաղամասում գործող թիվ 1 տուն ինտերնատ։

Զրույցի ընթացքում հյուրերը նկատել են տարեցների մեջ կուտակված սերն ու հոգատարությունը, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել փոխանցել թոռնիկներին։ ՀԿ-ում այս այցելության շնորհիվ մեկ անգամ էլ համոզվել են, որ տարեցներն ընտանեկան ջերմության պակաս ունեն, մտածել են՝ հարկավոր է կյանքի կոչել «Մի մեծ ընտանիք» նախաձեռնությունը։ Այն նախապատրաստում են ՀԿ-ի՝ Հայաստանում աշխատող կամավորները։ Նրանցից Արաքս Բաբայանն է զրուցել պապիկ-տատիկների հետ, հարցրել՝ ի՞նչ կանեին, եթե ապրեին իրենց թոռնիկների հետ։

 

«Եթե ես հիմա թոռնիկ ունենայի, այսպես կասեղնագործեինք… Եթե թոռնիկս մոտս լիներ, նրա համար կարտասանեի, բայց հաստատ սրանից լավ կստացվեր, որովհետև վիշտ չէի ունենա… Ես աճպարար եմ եղել երիտասարդ ժամանակ ու հիմա, որ մի փոքր վերհիշեմ, միգուցե նորից ստացվի»,- նշել են տուն ինտերնատի բնակիչները։

Արաքս Բաբայանը պատմում է, որ ծերանոցում ապրողների թվում կային նաև թոռներ ունեցողներ, օրինակ, մի տատիկ հպարտությամբ ասել է՝ 5 երեխա ունի, 11 թոռնիկ։

«Կային նաև տարեցներ, որ թոռնիկներ չունեին, կար մի զույգ, որ հենց ինտերնատում էին ամուսնացել ու ապրում էին մի սենյակում։ Ինձ հատկապես գրավեց Սիլվա տատիկի ձեռքի աշխատանքները։ Այնքան գեղեցիկ էին, որ մտածում էի, ձեռք չի կպել դրանց։ Նաև Նավասարդ պապին եմ հիշում, բարեկիրթ, ընթերցասեր մարդ է, սիրով հողագործությամբ էր զբաղվում։ Ռոբերտ պապն էլ պատմեց, որ աճպարարություն անել շատ է  սիրում, խոստացավ մի օր մեզ զարմացնել»,-Panorama.am-ին ինտերնատում տեսածն ու լսածը ներկայացրեց Արաքս Բաբայանը։

 

Տատիկների, պապիկների ու մանկատանը ապրող երեխաների առաջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Բարի տնակում։ Երեխաներին կընտրի «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը։ Աբակուս-Երազ զարգացման կենտրոնը կկազմակերպի համատեղ խաղեր, որոնք հետաքրքիր կլինեն, թե տարեցների, թե երեխաների համար: Գերմանիայում գործող ՀԿ անդամներն այժմ ձեռնամուխ են եղել ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցների հայթայթմանը։ Հանդիպումը պետք է անցնի հավուր պատշաճի, կլինեն հյուրասիրություն ու նվերներ։ Յուրաքանչյուր անձի համար միջին ծախսը նախատեսվում է 15 եվրո։

 

«Նախատեսում ենք, որ հանդիպմանը կմասնակցի 20 երեխա ու 20 տատիկ-պապիկ, քանի որ առաջին հանդիպումն է, որոշեցինք ավելի ակտիվ, մոտիվացիա ունեցողներին ներգրավենք ծրագրում։ Եթե ծրագիրը հաջողվի, ապա հաջորդ հանդիպումների մասնակիցների թիվը կավելանա»,-Panorama.am-ին  ասաց «ՀայԱրմատ»-ի հիմնադիր անդամներից Անժելա Ղազարյանը։

 

«Բարի մամա» ՀԿ-ի նախագահ Մարինա Ադուլյանը դեռ ընտրում է երեխաներին, որոնք պետք է մասնակցեն հանդիպմանը։ Այս պահին Բարի տնակում ներքին հարդարման վերջին աշխատանքներն են իրականացվում։ Դեկտեմբերի 1-ից այն հյուրառատ, հյուրաշատ ու ջերմ է լինելու։

 

Այսպիսի տեսք է ունենալու  Բարի տնակի event-հարթակը, որտեղ  կարող եք միջոցառումներ անցկացնել ` դրա դիմաց հանգանակելով գումար, ըստ ցանկության։

https://info-arm.com/

 

Be the first to comment on "Ծերանոցում ապրող տատիկ-պապիկներն ու մանկատան սաները կհավաքվեն մի հարկի ներքո"

Leave a comment

Your email address will not be published.


*