«Կացին» մականունով գյումրեցի մուրացկանի ու փողոցում աշխատող շինարարի զրույցը ՀՀ նախագահի հետ(տեսանյութ)

 

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մասնավոր այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա եկել էր Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնած ու վերանորոգման փուլում գտնվող շենքն ուսումնասիրելու ու իր օգնությունն առաջարկելու։

Թանգարանի շենքից դուրս գալիս՝ նրան մոտեցան սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ։ Նախ սկսվեց զրույց «Կացին» մականունով գյումրեցի մուրացկանի հետ, այնուհետ նրան մոտեցավ մանկատան նախկին սաներից մեկը։ Նշենք, որ Կացինը օրերս ինքնասպանության փորձ էր կատարել սոցիալական խնդիրների պատճառով։

 

Նախագահը երիտասարդներին բացատրում էր, որ նրանց խնդրանքը չի կարող կատարել, քանի որ իր կարգավիճակն այլևս տարբերվում է նախորդ նախագահներից, և ինքը կառավարության ղեկավարը չէ։ Նա չէր զլանում բացատրել երիտասարդներին, որ Սահմանադրություն է փոխվել, նախագահի լիազորությունները ևս փոխվել են։ Նա նույնը կրկնեց փողոցաշինարարությամբ զբաղվողի բանվորի համար, որը նախագահին բարևելով՝ նույնպես խնդրանք ուներ։ «Դուք Սահմանադրություն կարդացե՞լ եք»,- հարցրեց Արմեն Սարգսյանը շինարարին։

 

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը պարզաբանեց, որ իրենից բնակարան են ուզում։ « Նախագահը չի կարող բնակարան տալ, ես կարող եմ աջակցել, որ համապատասխան մարմինները, քաղաքապետարանը, մարզպետարանը կամ կառավարության անդամները, եթե մարդիկ իսկապես դրա կարիքն ունեն, իրենց հարցին լուծում տան»,- ասաց Արմեն Սարգսյանը։ Ի դեպ, երբ Արմեն Սարգսյանը մանկատան նախկին սանին, որը մեր տեղեկություններով, հայտնվել է փողոցում, բացատրում էր, որ ինքը ի պաշտոնե չի կարող նրան բնակարան տալ, երիտասարդն ասաց. «Կհասկնամ, բայց դաժե հացի փող չունիմ, էս պահին սոված եմ, կըրնաս օգնե՞ս»։ Արմեն Սարգսյանն ասաց՝ «Սովածի համար փող կտամ»։

https://www.aravot.am/

Be the first to comment on "«Կացին» մականունով գյումրեցի մուրացկանի ու փողոցում աշխատող շինարարի զրույցը ՀՀ նախագահի հետ(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*