«Ջիվանը կարող է հանգիստ լինել», կամ ինչպես պետերբուրգցի Դանյան հայտնվեց հայկական TV-ում

 

Սանկտ Պետերբուրգում ապրող տաղանդավոր տղան՝ Դանիիլ Ռոսկինը, հայ հանդիսատեսին գերել է իր գիտելիքներով։ Sputnik Արմենիան պարզել է, թե ինչպես է վեց տարեկան Դանյան դարձել Հայաստանում հայտնի «Մեծ փոքրիկներ» շոուի մասնակիցը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Սանկտ Պետերբուրգի վեց տարեկան բնակիչ Դանիիլ Ռոսկինը՝ «Մեծ փոքրիկներ» հեռուստահաղորդման մասնակիցը, հիացած է ոչ միայն Հայաստանով, այլ նաև ազգային երաժշտական գործիքով՝ դուդուկով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց Դանիիլի մայրը՝ Ռեգինա Ռոսկինան։

Դանիիլը «Մեծ փոքրիկներ» հեռուստահաղորդման հյուրերից մեկն է եղել։ Նրա տաղանդը, բազմագիտակությունը, ինչպես նաև «իսկ ինչու սովորել, եթե ես այդպես էլ կարող եմ դա անել» արտահայտությունը հայ հանդիսատեսը դեռ երկար կհիշի։

 

Ծանոթություն Դանյայի հետ

Դանիիլ Ռոսկինը մորական կողմից հայ է, հորական կողմից` լիտվացի և հրեա։ Ինչպես ասում է Ռեգինան, Դանյան լավ գեներ ունի։ Վեց տարեկանում նա հասցրել է ընդունվել երաժշտական դպրոց, 4 տարեկանում սովորել է կարդալ, յուրացրել մաթեմատիկայի հիմունքները և նվաճել ռուս հանդիսատեսին։ Նա մասնակցել է ռուսական Առաջին ալիքի «Лучше всех» ծրագրին։

Հենց այդ հաղորդումն էլ հիմք է հանդիսացել Հայաստան գալու համար։

«Ընկերուհուս աղջիկը մասնակցել է «Ձայնը» ծրագրին։ Հայաստանից եկել են նրա մասին հաղորդում նկարելու։ Ընկերուհիս նկարահանող խմբին պատմել է Դանյայի մասին, ասել, որ նա նույնպես հայ է։ Նրանք առանձին ռեպորտաժ են նկարել Դանյայի մասին և ցուցադրել Հայաստանի Առաջին ալիքով», — ասաց Ռեգինան։

Այդ թողարկումից հետո Ռոսկիններին զանգել են «Շանթ» հեռուստաալիքից և հրավիրել «Մեծ փոքրիկներ» հաղորդման նկարահանումներին։ Դրանք կայացել են 2018թ-ի սեպտեմբերին։

Դանյան ներկայացել է «փոքրիկ էրուդիտը» համարով։ Նա հասցրել է երեք օրում սովորել Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։

 

Այսօր Ռոսկինները պատրաստվում են կրկին այցելել Հայաստան արդեն դեկտեմբերին, Դանիիլը մասնակցելու է հաղորդման տոնական թողարկմանը։

Ճանապարհորդություն պատմական հայրենիք

Պատմական հայրենիք գալը ճանաչողական այց է դարձել Դանիիլի համար։ Ընտանիքը երկու շաբաթում հասցրել է լինել Ջերմուկում, Դիլիջանում, Խոր Վիրապում, Գեղարդում, անգամ` Արցախում։

 

«Մենք ծրագրել էինք Հայաստան այցելել 2019թ-ին, սակայն նկարահանումները փոխեցին մեր որոշումը։ Դանյան շատ ուրախ էր, որ Հայաստան է եկել», — ասաց Ռեգինան։

Դանիիլը Հայաստանում ուսումնասիրել է ամեն քարը, ցանկացել է իմանալ ամեն ինչի մասին։ Նրան նաև դուր է եկել դուդուկը և երեք օր չի բաժանվել այդ գործիքից։

 

Ընտանիքը որոշել է, որ Դանյան պետք է հետագայում դուդուկի դասընթացների հաճախի։ Հաշվի առնելով հետաքրքրասիրությունը և աշխատասիրությունը, հնարավոր է, որ նա ապագայում դառնա երկրորդ Ջիվան Գասպարյան։

https://armeniasputnik.am/

Be the first to comment on "«Ջիվանը կարող է հանգիստ լինել», կամ ինչպես պետերբուրգցի Դանյան հայտնվեց հայկական TV-ում"

Leave a comment

Your email address will not be published.


*