Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին

Աննա Կարապետյան, 34 տարեկան, գործարար կին, որի հիմնած կազմակերպությունն առաջատարներից է ԱՄՆ-ում։ 9 տարեկանում ընտանիքի հետ արտագաղթի ճանապարհը բռնած Աննան, հիմա Հայաստան վերադառնալու և այստեղ գործունեություն սկսելու և բարեգործական նախաձեռնություն իրականացնելու մտադրություն ունի։

 

 

Tert.am Life–ը ներկայացնում է հաջողակ կնոջ պատմությունը, որն օտարության մեջ փորձում է չկորցնել հայի տեսակը, այդ սկզբունքով էլ դաստիարակում է իր 3 երեխային։

 

 

Թավշյա հեղափոխության օրերին Աննան շտապել է Հայաստան, փողոցներ փակել, ակցիաների մասնակցել, իսկ հիմա մտածում է Հայաստանում հաստատվելու, բիզնեսի մասնաճյուղն այստեղ հիմնելու մասին։ Վերադարձից հետո Աննան կապը չի խզելու ԱՄՆ–ի հետ, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է այստեղից էլ կառավարել բիզնեսն ԱՄՆ–ում։ Աննան հասկանում է, որ մեծ երկրներն իրենց առավելություններն ունեն, բայց ասում է, եթե այդպես մտածեն, ոչ ոք չի վերադառնա։

 

 

«Ավելի քան 15 տարի է՝ ԱՄՆ-ում տների առք ու վաճառքի, ֆինանսավորման ու վերաֆինանսավորման գործով եմ զբաղվում։ Աշխատանքս սկսել եմ ուրիշի ընկերությունում, հետո ստեղծեցի իմ ընկերությունը, որն ամերիկյան  թոփ 3 կազմակերպություններից մեկը դարձավ։ Բրենդի համար Anna Kara Loans, Inc անվանման ընտրությունը հին պատմություն ունի։ Ամերիկացի մի կնոջ հետ էինք խոսում, որը դժվարանում էր ազգանունս ասել, հարցրեց՝ կարո՞ղ եմ Ձեզ Anna Kara դիմել, հետո նկատեց, որ շատ գեղեցիկ է հնչում։ Հետագայում օտարազգիների խոսելիս այդպես էի ներկայանում, որ հիշեն։ Ընկերության անվանումն ընտրելիս էլ չտատանվեցի»,– պատմեց Աննան։

 

Գործարար կնոջ ճանապարհը թեև հեշտ չի եղել, բարդությունների վրա ֆիքսվել չի սիրում, ասում է` գոյություն չունի  «դժվար» հասկացողություն. «Յուրաքանչյուր դժվարություն կյանքի ինչ–որ դաս է, որը պետք է հաղթահարես հաջորդ փուլ անցնելու համար։ Դրանց վրա կենտրոնանալ չարժե։ Իմ հաջողության գաղտնիքը  հաճախորդին առաջնային տեղ տալն է։ Իհարկե, ես իմ աշխատանքով գումար եմ վաստակում, սակայն  երբեք գումարն առաջին պլանում չեմ դրել։ Մեր հայրենակիցներին էլ եմ օգնում, խորհրդատվություն  տալիս բնակարան գնել ԱՄՆ–ում։ Մտադիր եմ Հայաստանում էլ մասնաճյուղ բացել։ Ինձ պես վերադառնալ ցանկացող մարդկանց կօգնեմ բնակարան գտնել հայրենիքում»։

 

Աննան Հայաստանից հեռացել է 9 տարեկանում։ Սկզբում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, 3 տարի անց` 12 տարեկանում, ԱՄՆ։ «Ամերիկյան երազանք» ասվածը շատերի համար է գայթակղիչ։ Աննայի խոսքով` ամերիկյան երազանք, որպես այդպիսին, չուներ։

 

 

«Երբ մարդիկ իմանում են, որ 21 տարի է` ԱՄՆ–ում եմ ապրում, զարմանում են։ Ասում են` չի զգացվում, որ այնտեղ եմ մեծացել։ Հայ չես կարող դառնալ, հայ ծնվում ես։ Դա մի զգացողություն է, որը չես կարող փոխել։ Մանկությունը միշտ եղել է իմ հիշողությունների մեջ։ 2011–ին, երբ մոտ 15 տարվա ընդմիջումից հետ առաջին անգամ վերադարձա Հայաստան, փողոցներն ինձ համար ճանաչելի էին։ Անունները չգիտեի, բայց բնազդաբար ճանաչում էի քաղաքը։ Այն ամուր տպվել էր հիշողությանս մեջ»,– ասաց նա ու հավելեց, որ հիմա է պարբերաբար լինում Հայաստանում։

 

Աննայի խոսքով` նույն կերպ իր ամուսինը՝ Պատրիկ Տիգրանյանն ու երեխաներն են կապված Հայաստանին։ Գործարարի ավագ դուստրը 10 տարեկան է, միջնեկ որդին` 5, կրտսեր որդին` 1։ «Աղջիկս 4-րդ անգամ է Հայաստանում, միջնեկս`1–ին։ Աղջկաս 10-ամյակի օրը հարցրեցի ի՞նչ նվեր ես ուզում, ասաց` ուզում եմ գնալ Երևան։ Դա մի բան է, որը չես կարող ստիպել մարդուն։ Դա զգացողություն է, որը կամ ունես, կամ ոչ։ Նախորդ տարի ամուսինս աղջկաս հետ եկավ Հայաստան, տղաս ասաց` ինձ Հայաստանի ջուր կբերես։ Ամուսինս 2 շիշ ջուր բերեց, ոչ մեկիս չտվեց այդ ջրից, ընդամենը, 4 տարեկան էր։ Մենք նման բան չենք սովորեցրել իրենց»,– ասաց նա։

 

Գործարարը նկատեց, որ ամուսինը ևս շատ է ցանկանում վերադառնալ Հայաստան, հատկապես, որ նա ավելի երկար է ապրել Երևանում և սա իր հարազատ քաղաքն է.  «Դեռ ամեն ինչ դասավորելու խնդիր կա։ Ի վերջո, 3 երեխա ունենք։ Երեխաների հետ պարբերաբար զրույցներ ենք ունենում, ուզում ենք իրենք որոշեն` կրթությունը շարունակեն ստանալ ԱՄՆ–ում, թե տեղափոխվեն Երևան։ Այսօրվա դրությամբ կարող ես և՛ այստեղ լինել, և՛ այնտեղ։ Երեխաները պիտի իրենք որոշեն որտեղ կրթություն ստանան։ Մենք պարբերաբար զրուցում ենք իրենց հետ՝ իմանալու իրենց կարծիքը։ Որդիս 0 դասարան է գնալու, աղջիկս` 5–րդ, դեռ կամուկացի մեջ է։ Ասում է` ուզում եմ Երևանում սովորել, հետո ասում է, որ կարոտել է ԱՄՆ–ը։ Իրենք կորոշեն` ինչ են ուզում»։

 

 

Աննան բարեգործական ծրագիր ունի, որը կյանքի կոչելու համար երկար է աշխատել։ «Ծնողներս բարեգործական տարբեր նախաձեռնությունների են մասնակցել, տարբեր ընտանիքիների են աջակցել, սակայն ինձ միշտ հետաքրքրում էր հարցը, թե մարդիկ ինչ ճակատագիր են ունենում այդ օգնությունից հետո։ Տարիներ շարունակ սերտ համագործակցել եմ Վանաձորի մանկատան հետ։ Մանկատան սաների բնակարանների տրամադրման հարցը Հայաստանում լուրջ է։ Մանկատնից հետո երեխաները մնում են փողոցում, աղջիկները հայտնվում են խոցելի վիճակում, շատեր սկսում են մարմնավաճառությամբ զբաղվել, շատերին ստիպում են մարմնավաճառությամբ զբաղվել։ Մարդիկ ամոթալի են համարում այդ մասին խոսելը, սակայն դա դառն իրականությունն է։ Որպես կին, որպես ծնող` չեմ համակերպվում այդ մտքի հետ։ Որոշեցինք Վանաձորի մանկատան լավագույն սովորող 2 աղջկա 1 տարի ապահովել ամեն ինչով` տնով, սննդով, խնամակալով։ Նրանց մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն տալ։ Ծրագիրը ինչ–որ առումով փորձնական էր, քանի որ ուզում եմ հիմնել մի կառույց, որն օթևան ու ինքնուրույն դառնալու հարթակ կդառնա մանկատան սաների համար անցումային փուլում։ Առաջին փորձից հասկացա, որ ծրագիրը պետք է լինի 2 տարով։ Anna Kara Foundation-ը նախատեսում է համագործակցել մեծ ընկերությունների հետ, որոնք աշխատատեղ կտրամադրեն մանկատան երեխաներին»,– ասաց Աննան ու հավելեց, որ այժմ քննարկումներ են ծավալում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

 

Աննան նշեց, որ նախորդ կառավարության օրոք ծրագիրն իրականացնել չի հաջողվել։ «Հասկանալով, որ ենթատեքստում  կարող են լինել այլ ռիսկեր` ֆինանսական, վերահսկողական, ծրագրային, որոնք դեմ են մեր սկզբունքներին, նախկին իշխանությունների հետ մեր բանակցությունները չստացվեցին ։ Հիմա խորհրդատվական փուլում ենք և փորձում ենք մեր ծրագիրն առաջարկել։ Պետական ապարատից ֆինանսական որևէ աջակցության մասին չենք էլ մտածել։ Զուտ կազմակերպչական աջակցություն ենք ակնկալում։ Քանի որ կառավարությունը փոխվել է և բաց է նոր առաջարկների համար, ես նորից այստեղ եմ»,– ասաց նա։

 

 

Սկզբնական փուլում Աննայի ծրագիրը նախատեսված է լինելու աղջիկների համար, քանի որ նրանց հանդեպ վերահսկողությունն ավելի հեշտ է։ Հետագայում նա կփորձի աջակցել նաև տղաներին, քանի որ նրանց համար ծրագրեր, գրեթե, չեն իրականացվում։ Աննան ցանկանում է, որպեսզի այս հարթակը մոտիվացնող լինի մանկատան սաների համար։ Ասում է` մանկատան շրջանավարտներից ընտրելու են լավագույններին, կարգապահներին, ուսման մեջ լավ առաջադիմություն ունեցողներին` այսպիսով` նպաստելով, որպեսզի երեխաներն ավելի շատ ցանկանան սովորել և օրինակելի լինել։

 

«ԱՄՆ–ում 15 տարեկանից աշխատում ես։ Դպրոցում  քեզ ստիպում են շաբաթը 30 ժամ աշխատել, որպեսզի հասկանաս` ինչ է դա նշանակում։ Հայաստանում պակասում է «աշխատանքային ռեժիմ» ասվածը։ Իհարկե, պետք է ուսում ստանաս, բայց և պետք է սովորես աշխատել։ Ես այս նախագիծն ուզում ստեղծել, որպեսզի երեխաները սովորեն ինքնուրույն լինել, իրենց օգնենք կայանալ»,– ասաց նա։

 

Մանկատան սաների հետ նաև հոգեբանական աշխատանք է պահանջում, հատկապես, մանկատնից հետո ադապտացիոն փուլում։ Աննան շեշտեց, որ խնդիրը ոչ թե այդ երեխաների, այլ հասարակության մեջ է, որը տարբերակում է դնում մանկատան սաների ու մյուս երեխաների միջև։ Այդուհանդերձ, նա նշեց, որ կաշխատեն նաև հոգեբանների հետ` ադապտացիոն փուլը հնարավորինս սահուն անցնելու համար, իսկ իրենց ստեղծած տանն աղջիկների հետ կապրեն նաև խնամակալներ։

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի և Աննայի անձնական արխիվից

Ամալյա Հովհաննիսյան

http://life.tert.am/am/news/2018/08/04/anna/51928

Be the first to comment on "Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*