Ով է Հայաստանի նոր թեկնածուն և որոնք են նպատակները

Հայաստանը պետք է ներկայացնի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նոր թեկնածություն, եթե չի դադարեցնում Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդումը: Պաշտոնական Երևանը հայտարարել է նոր թեկնածության ընթացակարգ սկսելու մասին, իսկ թե ով է լինելու նոր թեկնածուն, դեռևս հայտնի չէ:

 

 

 

 

Որոշե՞լ է Հայաստանն իր նոր թեկնածուին, բայց պահվում է անունը փակ, քանի դեռ չի համաձայնեցվել ՀԱՊԿ մյուս անդամների հետ, թե՞ դեռևս չկա թեկնածուի վերաբերյալ որոշում: Մինչև 2020 թվական ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի քվոտան է, ռոտացիոն կարգով: Իհարկե Հայաստանը կարող է նաև հրաժարվել դրանից, սակայն հազիվ թե դա լինի դիվանագիտորեն նպատակահարմար և պատվաբեր քայլ:

 

 

 

Մյուս կողմից իհարկե գլխավոր քարտուղարի թեկնածության ընթացակարգը կլինի դիվանագիտական-քաղաքական փորձություն նոր իշխանության համար, քանի որ պետք է ստանալ ՀԱՊԿ մյուս անդամների հավանությունը: Իսկ նրանք այդ հավանությունը հենց այնպես չեն տա և կսկսեն տարատեսակ սակարկություններ, անգամ անկախ Հայաստանի նոր իշխանության հանդեպ վերաբերմունքից, որովհետև ըստ էության նույն բանն է եղել նաև նախկին՝ Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում, երբ Հայաստանի թեկնածուն չէր հաստատվում մոտ մեկ տարի:

 

 

Հեռևաբար Երևանին բոլոր դեպքերում ըստ երևույթին հարկ է պատրաստվել տևական գործընթացի, ու հենց գործընթացի և դրանում հարցեր լուծելու աշխատանքի, դրանում տարբեր այլ նպատակներ, ենթանպատակներ սահմանելու և ՀԱՊԿ բոլոր անդամների հետ աշխատանքով նաև դրանք սպասարկելու գործըթացի:

 

 

 

Այսինքն, նպատակը չպետք է լինի միայն գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի հաստատում ստանալը: Դա կարող է ընդհանրապես նպատակ չլինել, չեն ուզի, թող չհաստատեն: Վերջին հաշվով գլխավոր քարտուղարը ոչ միայն Հայաստանին, այլ նաև ՀԱՊԿ-ին է պետք, ու ավելին, գուցե ոչ այնքան Հայաստանին, ինչքան ՀԱՊԿ-ին է պետք: Ըստ այդմ Երևանը պետք է կարողանա ավելի շատ գործընթացը ծառայեցնել իր շահերին և ստանալ առավելագույնը՝ անկախ թեկնածության վերջնական համաձայնությունից, ժամկետից:

 

 

Եվ էլ ավելին, Հայաստանի նոր թեկնածուի ընտրությունը գուցե պետք է լինի հենց գործընթացում տարբեր այլ զուգահեռ նպատակների ու ենթանպատակների ձևակերպումից հետո, այսինքն ըստ այդ ձևակերպված նպատակների ու ենթանպատակների: Այդ ամենը բնականաբար պետք է լինի Հայաստանի համար ՀԱՊԿ էֆեկտիվությունն ու նաև Հայաստանի առաջ պատասխանատվությունը բարձրացնելու տրամաբանության մեջ, այդ ուղղությամբ հարցերը լուծելու հստակ միտումով:

 

 

 

Իսկ հարցերը քիչ չեն, և նույնիսկ ըստ էության կա խնդիր Հայաստանի համար վերստեղծել ՀԱՊԿ որպես ռազմա-քաղաքական դաշինք, քանի որ այդ դաշինքի թե հավաքական, թե առանձին անդամների գործունեության ծիրում Հայաստան որպես դաշնակից, որն ունի ռեալ անվտանգային խնդիրներ առնվազն գոլ պատերազմի տեսքով, կարծես թե գոյություն չունի տարիներ շարունակ: Հայաստանին պետք է լուծել այդ խնդիրները և թերևս այստեղ նաև կարևոր է, որ ներկայացվող նոր թեկնածուն լինի ավելի շուտ քաղաքական, քան զինվորական: Մեծ հաշվով Հայաստանի համար ՀԱՊԿ շրջանակում կա քաղաքական լուծումների կարիք:

 

 

 

https://www.1in.am/2401483.html

Be the first to comment on "Ով է Հայաստանի նոր թեկնածուն և որոնք են նպատակները"

Leave a comment

Your email address will not be published.


*