Արեւմուտքից ակնկալվող փողերի ու իրական գործի մասին

Վստահ լինել, որ՝ «բարեխիղճ ներդրողները չեն տուժի հակակոռուպցիոն այդ գործողությունների արդյունքում» Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների համար բարդ վերլուծություններ ու եզրահանգումներ անելու անհրաժեշտություն չկա, բոլորին պարզ է, որ տնտեսության զարգացում կարող է ապահովել, մենաշնորհների վերացմամբ՝ մրցակցային պայմաններով, նախեւառաջ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազատ գործունեության պայմաններում: Նոր Հայաստանում հարկավոր են համակարգային փոփոխություններ, կոռուպցիայի դեմ իրական պայքար: Դրվագային գործողություններով, նախկին իշխանության ներկայացուցիչների, նրանց մտերիմների ձերբակալություններով չի լուծվելու Հայաստանում համակարգային փոփոխությունների, բարեփոխումների իրականացման խնդիրը: Դա է պատճառը, որ արեւմտյան դեսպաններից մենք վերջերս բավական հաճախ լսում ենք գնահատականներ, որոնք շատերի համար անգամ, առաջին հայացքից, կարող են զարմանալի թվալ: Ներհայաստանյան վերջին հասարակական-քաղաքական զարգացումներից հետո ԱՄՆ ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա Հայաստանում ներդրումներ անելու հանդեպ, հուլիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Հիմա կարեւոր է, որ ՀՀ կառավարության ջանքերն ուղղված լինեն ներդրումային միջավայրի գրավչության ապահովմանը: Դա կարեւոր է ոչ միայն ամերիկացի, այլեւ առհասարակ՝ օտարերկրացի ներդրողների համար»,-ընդգծել է դեսպանը: Նրա խոսքով՝ ամերիկացի ներդրողները հետեւում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին. «Նրանք ողջունում են դրանք, հետեւում իրավապահների քննությունների ընթացքին, հարկերից խուսափելու դեպքերին, կոռուպցիոն բացահայտումներին: Նրանք ողջունում են կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունները, բայց կարեւոր է, որ այդ ամենն իրականացվի իրավունքի ուժով: Նրանք ուզում են վստահ լինել, որ բարեխիղճ ներդրողները չեն տուժի հակակոռուպցիոն այդ գործողությունների արդյունքում: Նրանք հետեւում են, որպեսզի համոզվեն՝ արդյոք այդ ամենը կատարվում է օրենքի գերակայության պայմաններում»: Ավելի վաղ Ռիչարդ Միլսը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր արել՝ հստակ ընդգծելով, որ դեռեւս վաղ է հայտարարել Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին. «Կոռուպցիան եւ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են ԱՄՆ-ի ներդրողների համայնքի կողմից»: Միլսը «Ազատության» հետ զրույցում փոխանցել էր, որ իրենք ԱՄՆ գործարար համայնքից բազմաթիվ հարցումներ են ստանում Հայաստանում առկա հնարավորությունների վերաբերյալ, սակայն հնարավոր ներդրողները դեռ հետեւում են, թե ինչ ընթացք է ստանալու կոռուպցիայի դեմ մեկնարկած պայքարը. «Նրանք սպասում են տեսնելու, թե արդյոք նոր կառավարությունը հետամուտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված կոնկրետ քայլեր իրականացնելուն, արդյոք կոռուպցիոն գործերով քննություններն իրականացվելու են օրենքի եւ իրավունքի պահանջներին համապատասխան»: ԱՄՆ դեսպանը ուղղակի շեշտեց, որ հնարավոր ներդրողների համար նաեւ շատ կարեւոր է, թե ինչպես է Փաշինյանի գլխավորած կառավարությունը լուծելու տնտեսական ոլորտում առկա խնդրահարույց հարցերը: Նա նաեւ հստակ նշեց, թե նախկինում ինչն էր Հայաստանում ներդրումներ ներգրավելու հիմնական խնդիրը. «ԱՄՆ-ից ներդրումների ծավալը մեծացնելու ամենամեծ խոչընդոտը կոռուպցիայի խնդիրն էր եւ գործարարների համար հավասար պայմանների ապահովման հարցը»: Հիշեցնենք, որ ժամանակին դեսպան Միլսը հայտարարել էր, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում շուրջ 8 միլիարդ դոլար ներդրման ներուժ կա, սակայն դրա համար անհրաժեշտ է ազատ մրցակցության եւ բաց շուկայի ապահովում: Ուղերձներ հնչել են, արձագանքներ եղել են, մնում է գործել Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ իր հերթին ուշագրավ հայտարարություններ արեց՝ հստակ ուղերձներով: ԵՄ-Հայաստան հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով, նշեց նա՝ հավելելով. «Հայկական կողմից մենք լսում ենք, որ Եվրամիության ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Դուք հիմա ասում եք, որ Եվրամիության վերաբերյալ Հայաստանի քաղաքականության անփոփոխ մնալը պետք է հանգեցնի Հայաստանի վերաբերյալ ԵՄ քաղաքականության փոփոխության: Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչպես է հնարավոր համատեղել այս երկուսը», – կատակել էր Սվիտալսկին՝ հավելելով. «Իսկ, եթե ավելի լուրջ, ապա մեզ անհրաժեշտ են հստակ գաղափարներ, հստակ ակնկալիքներ, եւ մենք պատրաստ ենք քննարկել»: Այս հայտարարությանը հետեւեց անմիջապես արձագանք պաշտոնական Երեւանից: Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ Հայաստանը բավականին խոշոր գումարի օժանդակություն է ակնկալում ԵՄ-ից, եւ այդ նպատակով այժմ մշակվում են համապատասխան ծրագրեր: Եղոյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, միայն ասել է՝ «սոլիդ». «Այդ առաջարկներն արդեն գտնվում են ներկայացման փուլում, արդեն մշակվում են, եւ կարող եմ ընդհանուր գծերով ասել, որ դրանք հիմնականում վերաբերելու են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին… Ներկայացվելու են հստակ ծրագրեր, եւ հետագա ընթացքը արդեն կախված կլինի համատեղ աշխատանքից»: Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԵՄ-ն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին: Ապա` տեղի ունեցավ Փաշինյանի բրյուսելյան այցը, որի ընթացքում նա ԵՄ ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող օգնության ծավալը չի փոխվել եւ նշել էր, որ ԵՄ-ից լսվում են դեռեւս միայն ողջունող հայտարարություններ, սակայն քաղաքականության մեջ առայժմ որեւէ շոշափելի փոփոխություն չկա: Այժմ Բրյուսելից կա հստակ արձագանք. երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար Փաշինյանի նոր կառավարությունը պետք է հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով: Սա առավել քան հստակ ուղերձ է, ընդ որում՝ համեմված կեսկատակ, բայց բավական տեղին լրացմամբ՝ եթե հայկական կողմը հայտարարում էր, որ ԵՄ-ի ուղղությամբ ՀՀ-ն քաղաքականության փոփոխություն չի նախատեսում՝ ինչո՞ւ պետք է ԵՄ-ն փոխեր իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Փող չեն տալու միայն նրա համար, որ հեղափոխություն է տեղի ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան անցյալ շաբաթ Երեւանում էր: Նա հայտնեց, որ իր այցի նպատակն է կառավարության կարիքների գնահատումն ու աջակցության ճշգրտումը: ԵՄ պաշտոնյան անդրադառնալով ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրին՝ ասել էր, որ ամեն ինչ անելու են, որ նպաստեն համաձայնագրի լիակատար իրականացմանը. «Շատ ուրախ ենք այն ուղղվածության համար, որ նոր կառավարությունը նշել է իր գերակայությունների շարքում: Ամեն ինչ կանենք, որ աջակցենք կառավարությանը եւ քաղաքացիական հասարակությանն իրենց գործունեության մեջ»: Անդրադառնալով ԵՄ-ի կողմից հատկացվող ֆինանսավորմանը՝ պաշտոնյան նշեց, որ Հայաստանի հետ ունեն ակտիվ պայմանագրեր, որոնք ներկայում իրականացման փուլում են, կամ առաջիկայում է նախատեսված դրանց կատարումը: Խոսքը մոտ 240 միլիոն եվրոյի աջակցության մասին է: Ճշտող հարցին, արդյոք այդ 240 միլիոնը հեղափոխությունից հետո՞ է ավելացել, Կատարինա Մատերնովան ուշագրավ պարզաբանմամբ էր հանդես եկել. «Այդ պայմանավորվածությունը եղել է մինչեւ թավշյա հեղափոխությունը, բայց այս տարվա հատկացումները հանդիսանում են «ավելին ավելիի դիմաց» հատկացման մաս: Սրանով մենք ընդունում ենք կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումները: Մենք չենք գործում միայն այն սկզբունքով, որ փող տրամադրենք միայն նրա համար, որ հեղափոխություն է տեղի ունեցել: Իմ այցի նպատակն է հասկանալ կառավարության կարիքները ու ճշգրտումներ կատարել մեր աջակցության մեջ»: Խոսելով Փաշինյանի՝ Բրյուսելում արած այն հայտարարության մասին, որ Հայաստանն ավելի մեծ ակնկալիքներ ունի Եվրամիությունից՝ Մատերնովան նշել էր, որ այս այցի ընթացքում կարող են կառավարության հետ ինտենսիվորեն քննարկել ու հասկանալ՝ ինչ աջակցություն է տրամադրվել ու ինչի կարիք կա: «Կարծում եմ՝ պարզաբանելու ու բացատրելու որոշ բաներ կան, միգուցե կան ինչ-որ թյուրընկալումներ: Թվերը կարող են շփոթեցնել, եթե նայենք աջակցության ընդամենը մի մեխանիզմը եւ ամբողջ պատկերը չուսումնասիրենք: Վարչապետի այդ հայտարարությունը հուշեց մեզ, որ մենք էլ վերանայենք այդ թվերը ու հասկանանք՝ ընդհանուր ինչ ենք տրամադրել, ու մենք էլ զարմացանք, որ շատ ավելին էր մեր տրամադրածը, քան ինքներս էինք կարծում»,-ասել էր Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Բրյուսելից Փաշինյանի կառավարությանը հստակ հասկացրեցին՝ եթե անհրաժեշտություն լինի Հայաստանի ֆինանսական աջակցությունն ավելացնելու՝ կավելացնեն, բայց ոչ ավտոմատ, ֆինանսական աջակցություն կարող է լինել բացառապես բարեփոխումների համար: ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/28/972431/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Be the first to comment on "Արեւմուտքից ակնկալվող փողերի ու իրական գործի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*