Յուրի Խաչատուրովը դեռևս շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Տիգրան Բալայան

«Մարտի 1»-ի գործով մեղադրվող Յուրի Խաչատուրովը դեռևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Պարոն Խաչատուրովը դեռևս մնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, քանի դեռ ՀԱՊԿ խորհուրդը որոշում չի կայացրել նրա փոխարինման վերաբերյալ»,- ասաց նա՝ նշելով, որ մինչ նրա փոխարինումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործառույթները կարող է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը, ինչպես 2016 թվականին, երբ դեռ որոշվում էր Յուրի Խաչատուրովի նշանակման հարցը:

Նրա խոսքով՝ իրենք գործընկերներին առաջարկել են սկսել փոխարինման գործընթաց: «Թե ով կփոխարինի, ինչպես կփոխարինի, ինչ ժամանակահատվածում կլինի, արդեն քննարկումների, կոնսենսուսով կայացվող որոշում է»,- ասաց նա:

Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցը, ըստ Տիգրան Բալայանի, ամբողջովին համապատասխանել է ՀԱՊԿ ընթացակարգերին:

Դիտարկմանը, թե չեն կարծում, որ Հայաստանն իր քայլով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանք առաջադրելով, վնասել է Հայաստանի և ՀԱՊԿ-ի վարկանիշը, Տիգրան Բալայանը պատասխանեց.

«Մեր նախաձեռնությունը ելնում է կառույցին նպաստելու տրամաբանությունից, ինչպես նախկինում: ՀԱՊԿ-ի գլխավոր փաստաթղթերն ընդունվել են հենց մեր ՀԱՊԿ նախագահության շրջանում»,- ասաց նա:

Տիգրան Բալայանի ներկայացմամբ՝ Հայաստանի քաղաքականությունը ելնում է այն սկզբունքից, որ չվնասի ՀԱՊԿ-ի հեղինակությունը: «Մենք շահագրգռված ենք, որ ՀԱՊԿ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

http://www.tert.am/am/news/2018/07/31/Balayan-Khachaturov/2755395

Be the first to comment on "Յուրի Խաչատուրովը դեռևս շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Տիգրան Բալայան"

Leave a comment

Your email address will not be published.


*