Միքայել Մինասյանը իր լրագրողներով է պաշտպանո՞ւմ հորը

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանի շուրջ կենդանի պատ են կազմել ոչ միայն ԲԿ-ի աշխատակիցները, այլև որդու՝ Միքայել Մինասյանի Panarmenian Media Group-ի լրագրողներն ու աշխատակիցները։ Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսան է, որի մեդիահոլդինգի մեջ են մտնում առաջատար մի շարք ԶԼՄ-ներ՝ Արմենիա TV, Ա-Tv, Armnews հեռուստաընկերությունները, Թերթ․ամ, Բլոգնյուզ, Արմսպորտ, Ռադիո ջան և այլ ԶԼՄ-ներ։ Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիրախում հայտնված Արա Մինասյանը ազատվել էր պաշտոնից, քանի որ բացել էին ԲԿ-ի պանդորայի արկղը ու պարզել՝ 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ:

Արա Մինասյանի շուրջ կենդանի պատ կազմած լրագրողական շղթան առաջինը ամրացրեց Արմենիա հեռուստաընկերության դեմքը՝ Արտակ Ալեքսանյանը, որի գրառումը շատերի մոտ հիասթափություն, ոմանց մոտ քմծիծաղ, մյուսների մոտ էլ զայրույթ առաջացրեց։ Ալեքսանյանը, մասնավորապես, գրել էր․ «Հանրապետության 2-րդ նախագահի կալանավորման հանրային ուշադրության ֆոնին ու հավանաբար այդ առիթից օգտվելով՝ Առողջապահության նախարարն արեց այն, ինչ ցանկանում էր անել նշանակվելու առաջին իսկ օրվանից, բայց չուներ դրա համար ոչ ապացույցներ, ոչ էլ մասնագիտական համայնքի աջակցություն։ Այսօր նա աշխատանքից ազատեց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին։ Ազատեց, ազատեց, Աստված իր հետ։ Անկախ պատճառներից տգեղ վարվեց։ Հենց այն պատճառով, որ իր դիմաց կանգնած է եղել պրոֆեսիոնալ, պատկառելի ճանապարհ ու տարիք առած մարդ։ Այդպես չեն վարվում ու այդպես հրաժեշտ չեն տալիս։ Չէիք ուզում, որ աշխատեր. կանչեիք, ասեիք, շնորհակալ ենք Ձեր ծառայությունների համար, բայց հիմա երկիրը, համակարգը այլ ուղղությամբ է գնում, մեզ այլ մարդիկ են պետք։ Ցանկանո՞ւմ էիք ստուգել պետբյուջեից ստացած փողերի արդյունավետությունը՝ թող նոր տնօրենն աուդիտ անցկացներ, հետո, եթե կասկածները չփարատվեին կհրավիրեր քննչական մարմիններին։ Նոր տնօրենին էլ թող ներկայացներ հինը, փոխանցեր փորձը, գիտելիքը, կենտրոնի յուրահատկությունները։

Դրա փոխարեն փորձեցիք խայտառակ անել, վռնդել՝ առանց հրաժեշտի ու շնորհակալության։Ընդ որում, որպես պատրվակ օգտագործելով չարաշահումները։ Վստահ եմ, դաշտ նետված չարաշահումների մասին թվարկումները հատ առ հատ մեկնաբանվելու են և մարդիկ ամեն ինչ իմանալու են։ Ի դեպ, սկսած՝ 6 անգամ բժշկական օգնություն ստացած անօթևանի մասին մեղադրանքից։ Ես հասկանում եմ, որ երկիրը հիմա մեծ տուրբելենտության մեջ է, որ բոլորին թվում է, թե հասարակությունը ձկան հիշողություն ունի և ֆեսյբուքյան լրահոսի բնազդներ. վատ բան արեցիր, կկարդան, կզայրանան, հետո կմոռանան։Բայց այդպես չի եղել ու այդպես չի լինում։ Քաղաքական դաշտը այո, կարող է իրեն թույլ տալ մեծ թռիչքներ ու անկումներ, քաղաքականության մեջ լինում են տապալումներ ու անսպասելի դաշինքներ։ Իսկ մասնագիտական համայնքներն ավելի ստաբիլ են, ավելի կայուն, ավելի կանխատեսելի։ Հետևաբար այստեղ չեն լինում մեծ սկանդալներ (իհարկե լինում են թերացումներ ու սխալներ, բայց դա մասնագիտական ու մարդկային է), առավել ևս աղաղակող անարդարություններ։ Այդ պատճառով այս մեկը դեռ շատ երկար կհիշեն, դժվարությամբ կմարսեն, կամ գուցե չմարսեն, բայց հաստատ չեն մոռանա նաև այդ որոշումը կայացրած նախարարին։ Վերջինն իրեն մեկուսացրեց և դուրս դրեց բժշկական համայնքից»։ Այս գրառումը դուխ տվեց հոլդինիգի մյուս լրագրողներին, խմբագիրներին։ Նրանցից Բլոգնյուզ կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է․ «Քոչարյանի ու Խաչատուրովի շուրջ ստեղծված տեղեկատվական աղմուկի ներքո ամենայն հայոց հեքիմը որոշեց քայլ ձիով անել՝ ազատելով Արա Մինասյանին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ տնօրենի պոշտոնից։ Ի՜նչ խոսք, անվենդետտա ու հեմրաշխասիրային Հայաստանում անակնկալ զարգացում չէր, բայց ես ուզում եմ վերլուծել խնդրո տեղեկատվական բաղադրիչը, որը սև փիառի ու ինֆորմացիոն ռեպրեսսիաների դասագրքում կարելի է ներառել։

Իրականում՝ այս արշավի առաջին օրից մինչ այսօր, Առողջապահության նախարարությունն ու յուր ղեկավարը ոչնչի վրա այդքան ռեսուրս ու ժամանակ չեն ծախսել, ինչքան մեդիայում ու սոցցանցերում անձնավորված ու թիրախավորված տեղեկատվական պատերազմի վրա, որտեղ կիրառվում էր պրոպագանդայի ողջ գործիքակազմը։ Եկեք սկսենք թվերից․ ի սկզբանե արշավի մեխը նրանում էր, որ հասարակության մոտ ենթագիտակցական մակարդակի վրա ձևավորվի «փաստ», ըստ որի՝ Մասիվի հիվանդանոցում աստղաբաշխական ծավալի յուրացումներ են եղել։ Ընդ որում՝ հետևողականությունը, արժանահավատությունը ու որևէ կոնկրետ թվի առկայությունը պարտադիր էլ չէ, պարտադիր էր, որ «Մասիվի հիվանդանոցում փողեր են կերել» պնդումը սպառողի մոտ դառնա մանտրա։ Ու զարմանալի չէ, որ ամենայն հայոց հեքիմի ամեն հայտարարությունում նոր թվեր էին շրջանառվում․ սկզբում շեշտ էր դրվում հիվանդանոցին հատկացված 5 միլիարդ թվի վրա (հասարակ սպառողներից շատերի մոտ հենց այս թիվն էլ ֆիքսվում էր, որպես «թալանված»), հետո այդ թիվը դարձավ 1 միլիարդ, հետո՝ 280 միլիոն, հետո՝ 500 միլիոն․․․ և այսպես շարունակ։ Կարևոր չէր կոնկրետիկան ու հիմնավորումները, կարևորը քարոզչության տեսանկյունից այն էր, որ մանտրան հնչի ու դա արվի պարբերաբար (շաբաթը 1-2 անգամ առնվազն)։ Ի՞նչն է ուշագրավ այս ամենում․ իրականում՝ դեռ ոչ մի փաստ էլ չկա, ապացուցված մեղավորության մասին խոսք էլ չկա, որովհետև անգամ գործ չի հարուցվել առայժմ։ Այն ամենը, ինչին մենք ականատես էինք լինում վերջին շաբաթներին, դա զուտ Արսեն Թորոսյանի անձնական մինի խաչակրաց արշավանքն էր ու դրա շրջանակներոմ տարվող տեղեկատվական պատերազմը ընդդեմ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ու անձամբ դրա տնօրենի՝ Արա Մինասյանի դեմ։ Ասեմ ավելին, կարող է շաբաթներ հետո պարզվել, որ ԱՆ ստուգման արդյունքները, որոնք ներկայացվել են դատախազություն՝ առհասարակ հանցակազմ չեն պարունակում, բայց էդ ինֆորմացիան կլինի հայտնի խոսքի միջի կարմիր ձուն, որը Զատկից հետո ոչ մեկին պետք չէ։ Այն, որ նման զարգացում միանգամայն հնարավոր է, հուշում է այն պարզ փաստը, որ ԱՆ-ը և անձամբ Թորոսյանը արդեն աչքի ընկել են դիլետանտիզմով։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ ամենայն հայոց հեքիմը «սենսացիոն ապացույց» էր ներկայացրել․ նույն մարդը մի քանի օր շարունակ հոսպիտալացվել էր ու բուժում էր ստացվել։ Շատերն են հիշում այդ դրվագը, բայց քչերն են հիշում ու անգամ ուշադրություն չեն դարձրել, որ հետո պարզվեց, որ այդ մարդը պարզապես հարբեցող էր ու զապոյի մեջ մի քանի օր շարունակ ալկոհոլային թունավորումով հոսպիտալացվել է։ Հասկանալի է, որ մանկական դագաղիկների բիզնեսի մասին հեգնող մեր հեքիմը գուցե ավելի ընդունելի կհամարեր, որ այդ զազրելի ալկոհոլիկին թողնեին մահանար, ինչևէ․․․ Մեկ այլ դրվագում բոլոր հեքիմներից ամենադեդուկտիվը, ի ապացույց չարաշահումների պարզել էր, որ հիվանդանոցը ավանդներ է բացել բանկում։ Ճիշտ է, капитан очевидность-ը մեղմիկ շրջանցել էր այն փաստը, որ ինչպես ցանկացած բուժհաստատություն, Մասիվի հիվանդանոցը այնպես չէ, որ միայն պետպատվերով է աշխատում ու չի կարող եկամտային մաս չունենալ՝ միանգամայն լեգալ, կարևորը իրողությունը չէր, այլ անհրաժեշտությունը՝ քարոզչական արշավի կոնտեքստում; Չի կարելի ասել, որ Թորոսյանենք խիստ հաջողել էին այս ամենում, բայց դե իրենց սև գործն արել էին՝ շուրջ երկու ամիս գրեթե հանապազօրյա ռեժիմով հեծեծալով զարհուրելի չարաշահումների մասին։ Առհասարակ՝ խամ մարդու մոտ տպավորություն կարող էր ստեղծվել, որ մի Հայաստան, մի Մասիվի հիվանդանոց՝ էլ խնդիրներ ունեցող տեղ չկա մեր առողջապահական համակարգում։ Բայց Թորոսյանը չդիմացավ։ Երևի վախեցավ, որ ևս 1-2 կիքս ու բացթողում, ևս մի քանի անգամ թվի փոփոխություն, ևս մի երկու արագ հերքվող «խախտում», ու այս պատմությունը կարող է ի վնաս իրեն շրջվել, դրա համար էլ, ենթադրում եմ, սպասեց հարմար պահի, երբ հանրության ուշադրություն շեղված կլինի, իսկ մասամբ էլ՝ թեժացած ու արեց իր քայլը։ Այլ հարց է արդեն, որ նման կացնային մեթոդներով չարաճճիությունները մարսելը դժվար է, շա՜տ դժվար, որովհետև բումերանգի կանոնը դեռ ոչ մեկ չի չեղարկել ու վաղը նույն Թորոսյանը կարող է հայտնվել իրավիճակում, երբ առանց էական փաստերի, այլ զուտ մանիպուլյացիաներով ու սև փիառով իր դեմ արշավ կարող է տարվել, որի տակից ինքը դուրս եկող չի՜»։ Ա-ԹԻ ՎԻ հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Արկադի Գրիգորյանն էլ գրում է․ «Չակերտավոր Շերլոկների ժամանակը։ Այն անձը ում մասին գրում եմ, այդքան չարժե, որ իր մասին երկար գրեմ, վերլուծություն և այլն․․․․մենակ էսքանը. նախարարը լուրջ պաշտոն է, առողջապահությունը ամենակարևոր ոլորտներից մեկը։ Մի անլրջացրեք պարոնայք, պրոֆեսիոնալները այդքան էլ շատ չեն ոլորտում, որ սենց էյֆորիայի տակ որոշումներ եք կայացնում։ Սիրո ու համերաշխության հավատացողներին էլ ասեմ, որևէ անիմաստ քոմենթ անպատասխան չեմ թողնի, հերիքա, արդեն հասցրիք»։ Լրագրող Վահան Իշխանյանը, որ շուրջ 8 տարի աշխատել է Թերթ․ամ-ում ֆեյսբուքյան իր էջում հաստատում է․ «Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Մինասյանին հեռացնելը արդյո՞ք վենդետա չի Մասիվի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Մինասյանը առողջապահության բնագավառում պաշտոնյա է եղել մինչև Սերժ Սարգսյանի խնամի դառնալը, նրան գիտեմ դեռ էն ժամանակ երբ Երևանի առողջապահության վարչության պետն էր՝ 1990 թվից, առնչվել եմ հետը առողջապահության հետ կապված, հիվանդների նկատմամբ ավելի հոգատար պաշտոնյա չեմ տեսել։ ՀՀՇ֊ի Համբարձում Գալստյանը դառնալով Երևանի քաղաքապետ նրան հանեց պաշտոնից, իր ընկերոջը դրեց տեղը, ապա ինչ որ ժամանակ անց Մինասյանը դարձավ Մասիվի հիվանդանոցի տնօրեն։ Ու երբ հիվանդանոցները սեփականաշնորհում էին, Արայիկ Մինասյանը սկբունքորեն չսեփականաշնորհեց Մասիվի հիվանադնոցը, թեև դրա հնարավորությունը բոլորից շատ ինքն ուներ։ Ուրեմն, նա Սերժի խնամի է դարձել արդեն պաշտոնյա եղած ժամանակ։ Հիվանդանոցի մասին հակասական բաներ եմ լսել. դրականը էն է, որ շատ հոգատար են հիվանդերի նկատմամբ, օրինակ լսել էի որ շրջաններից եկած դիալեզի հիվանդների համար հիվանդանոցի մոտ բնակարաններ են վարձել, աղքատներին ձեռք են մեկնում։ Ինքս էլ եմ մի շարք անգամ առնչվել այդ հոգատարությանը։ Առողջապահության նախարարը որպես կոռուպցիայի դեպք նշեց թե նույն մարդու վրա հինգ անգամ փող են դուրս գրել, մամուլն էլ, որպես պասիվ գրատախտակ, իր վրա ճպացրեց դա փորձ չանելով ստուգել, թե ինչպես է դա եղել։ Հիվանդանոցի բժիշկներից մեկը ասաց որ փաստի միայն կեսն են ասում, որ այո, մի թափառաշրջիկ֊անտուն(իր խոսքով բոմժ) հինգ անգամ տարբեր ձևերով բերվել է հիվանդանոց։ Հիվանդանոցի մասին բացասական էն եմ լսել, որ լավ բժիշկներ քիչ են, լինում են սխալ բուժումներ։ Եթե այդպես է, սա էլ հասկանալի, լավ բժիշկներից շատերը թանկաբազար են և թանկ հիվանդանոցներում հարուստներին են միայն բուժում։ Նայում եմ ուղիղ եթերով հիվանանդոցի դիմաց բուժաշխատողների և խնամառուների(պացիենտների) բողոքի ցույցը և էլի եմ համոզվում, որ Մինասյանը հոգատար պաշտոնյա է, օրինակ Վոժդի(զոհված ազատամարտիկ Մուշեղ Մխոյան, ով առնչվել է 1988֊ի շարժմանը, նրան կհիշեն) դուստրը հուզված, արցունքն աչքերին պատմում է , թե ոնց է իր ընտնիքի չորս անդամների նկատմամբ հոգատար եղել։ Այսպիսով, հարց է առաջանում, առողջապահության ոլորտում հենց Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած հիմնարկը առաջինը ստուգելը ու տնօրենից ազատվելը կոռուպցիայի դեմ պայքա՞ր է, թե՞ վենդետա։

Արդեն, նկատում եմ, որ վենդետա է։ Կարծում էինք թե հասրակությունը հասել է էնտեղ որ որդին հոր արարքի համար պետք է պատասխանատվություն չկրի։ Պարզվում է դեռ այնտեղ ենք որ ասենք՝ խնամին խնամու արարքների համար պետք է պատասխանատվություն չկրի»։

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=4108&l=am

 

 

Be the first to comment on "Միքայել Մինասյանը իր լրագրողներով է պաշտպանո՞ւմ հորը"

Leave a comment

Your email address will not be published.


*