«Կան մարդիկ, որոնց դեպքում պիտի լռես ու վերջ». Իննա Խոջամիրյանը` ընկերների, Հայկ Պետրոսյանի հետ սիրավեպի լուրերի և անցած ուղու մասին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանին հանդիպեցինք Երևանի սրճարաններից մեկում։ Թեև նա շատ է ուզում առօրյայում տարբերվել էկրանային կերպարից` 17–ամյա Էլենից, հանդիպմանը եկել էր նրա կերպարով` հյուսիկներով, դպրոցական հագուստով, քանի որ նկարահանումից հետո կերպարանափոխվելու ժամանակ չէր ունեցել։

 

 

Հերոսուհու մասին Իննան խոսում էր առանձնակի ջերմությամբ, նրան անվանելով Էլենիկ, ինչպես նույնիսկ եթերում չեն կոչում նրան։ Իննան խանդավառությամբ պատմում էր, որ գնացել էր «Էլենիկի համար հագուստ ընտրելու»։ Հենց այդտեղից էլ Tert.am Life-ը սկսեց Իննայի հետ անկեղծ զրույցը, որը ծավալվեց ոչ միայն դերերի ու գործունեության, այլև իր ընտանեկան ու ընկերական հարաբերությունների,  կյանքի, տեսակի, մարդկանց ճանաչելու ունակության, հոգեբան Իննայի մասին։ Իհարկե, չենք շրջանցել նաև դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին հարցը։

 

 

–Իննա, «Էլենի օրագիրը» միանգամից լսարան գրավեց ու հայտնիություն բերեց հերոսներին։ Թեև քո առաջին դերը չէ,  էականորեն մեծացրեց լսարանի հետաքրքրությունը քո հանդեպ։ Ձգտո՞ւմ էիր այսպիսի հայտնիության։

 

–Երբևէ չեմ ձգտել մասսայական  հայտնիություն վայելել։

 

–Ամեն դեպքում, դերասանի աշխատանքն է դա ենթադրում։ Հեռուստատեսային աշխատանք ծավալելիս դա նաև գնահատական է։

 

–Հայտնիությունն ինքնանպատակ չի եղել։ Վերջերս հաճախ լինում են պահեր, երբ նույնիսկ նեղվում եմ դրանից։ Ինձ համար շատ անսպասելի էր, որ նախագիծը նման մեծ լսարան կզբաղեցնի։ Դա ինձ տրամադրում է ավելի լավ աշխատել։ Որքան մեծ է լսարանը, այնքան ավելի պահանջկոտ է, պետք է ավելի գրագետ ու լավ  մատուցես ամեն բան։ Այլ տարբերակ չունես։ Փոքր լսարանն էլ է պահանջկոտ, ամեն դեպքում, որքան մեծանում է լսարանը, այնքան մեծանում է պատասխանատվությունը։

 

 

–17 և 22 տարեկան աղջիկների տարբերությունը մեծ է, քանի որ տարիքային շրջափուլերի դրսևորումները շատ տարբեր են։ Էլենին մարմնավորելու համար խնդիր ունես և՛ արտաքնապես, և՛ հոգեպես այդ տարիք հետ գնալու։ Բա՞րդ է։

 

–Մի հեշտ կետ կա, դու արդեն ապրել ես այդ տարիքը, կարող ես քեզանից ինչ–որ հատկանիշներ փոփոխել և դնել կերպարի մեջ։ Շատ ավելի դժվար կլիներ, եթե խաղայի 30-35 տարեկան կնոջ, որովհետև որքան էլ պատկերացնեմ հոգեվիճակը, ներկայացնել չեմ կարող։ Իսկ հիմա… ո՞ր մեկս 16 տարեկան չենք եղել, ինչե՜ր չենք արել։)

 

–Մեր նախորդ զրույցում ընդգծեցիր, որ կցանկանաս իրական կերպարդ առանձնանա սերիալային կերպարներիցդ, սակայն հիմա իմ առջև նստած ես Էլենի հյուսիկներով,հագուստով։Որքանո՞վ է  Էլենը  մտել քո առօրյա։  Անհարմարություններ չե՞ն առաջանում։

 

–Մտահոգիչ փաստ է, որովհետև ի սկզբանե վստահ էի, որ Էլենն ուրիշ կլինի, ես առօրյայում` ուրիշ։ Մտածում էի, Էլենը կլինի տափակ կոշիկներով, սպորտային հագուստով, երկու պոչիկներով արագ-արագ քայլող աղջիկ, իսկ ես հասարակության մեջ կլինեմ որպես Իննա` դասական կերպարով, այլ սանրվածքով, այլ կեցվածքով… Ցավոք, ինձ միայն թվում էր, որովհետև աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է, եթե նույնիսկ, հասցնում եմ աշխատանքից դուրս ինչ–որ բան անել, ժամանակ չեմ ունենում փոխվել ու վերադառնալ «սոլիդ» Իննային։  Հիմա ես էլ եմ հյուսիկներով, պոչիկներով, մարզկոշիկներով արագ–արագ քայլելով ինչ-որ տեղ  գնում և ինձ բռնացնում, որ տարրալուծվել եմ Էլենի մեջ։ Մարդիկ քեզ տեսնում են կողքից ու տպավորություն է, թե դու այդպես էլ ապրում ես իրականում։ Դա ամենամեծ բարդությունն է։ Մենք ակամա ապացուցում ենք, որ այն ենք, ինչ ներկայանում ենք կերպարով։

 

–Այս առումով շատ կարևոր է նաև մեկը մյուսից տարբերվող դերեր խաղալը։ Ենթադրում եմ, որ առանց մասնագիտական կրթության քո աշխատանքն ավելի բարդ է։ Քո գնահատմամբ` որքանո՞վ է ստացվում մեկը մյուսից տարբերվող կերպարներ ստեղծել։

 

–Երբ չունես մասնագիտական կրթություն,  միանշանակ, թերանում ես։ Կան մանրուքներ, որոնք շատ կարևոր կարող են լինել մասնագիտության մեջ։ Փորձում եմ կարդալ, պրպտել, սովորել, աշխատել ինքս ինձ համար, սակայն չեմ բացառում, որ պրոֆեսիոնալ աչքով շատ թերություններ կարող են լինել։ Չեմ կարող հստակ ասել, որ դարձա դերասանուհի, որովհետև սերիալներում խաղալով և եթերում լինելով դեռևս չի կարելի լիարժեք համարել, որ դերասանուհի ես։ Ամեն դեպքում ես ամեն ջանք ներդնում եմ և աշխատում, որպեսզի աճ ունենամ։ Մի պահ մտածում էի դերասանական  կրթություն ստանալու մասին, սակայն անիմաստ համարեցի հոգեբանի մասնագիտական բազայի հիման վրա Թատերականում ուղղակի մագիստրատուրա ընդունվել։ Եթե մի օր որոշեմ սովորել, կսկսեմ 0-ից՝ առաջին կուրսից։

 

Միաժամանակ, համաշխարհային պրակտիկայում կան պատմական դեմքեր, որոնք չեն ունեցել դերասանական կրթություն։ Շատերն են ասում, որ կարող ես ունենալ մասնագիտական կրթություն, սակայն չկարողանաս կերտել տարբեր կերպարներ, կարող ես և չլինել դերասան, սակայն ստացվի։

 

Հնարավոր է, ինձ օգնում է իմ մասնագիտությունը` հոգեբանությունը։ Չէ՞ որ ամեն կերպարի կարող եմ մոտենալ մասնագիտական տեսանկյունից։ Մի քիչ կլինիկական դաշտ եմ տանում, սակայն այդպես ավելի հեշտ է ստացվում կերպարներն իրարից զատել։ Իմ ուսման 6 տարիների ընթացքում շատ մանրամասն ուսումնասիրել ենք մարդկանց տեսակները, ինչը շատ է օգնում։ Իհարկե, եթե ի բնե շնորհք չկա, չի ստացվի։ Չեմ ուզում շեշտադրել, թե ես ի բնե տաղանդավոր եմ, բայց, երևի, ինչ–որ բան կա, եթե  ստացվում է։

 

 

–Իսկ ինչպե՞ս Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին դարձավ դերասանուհի։

 

–Շատ պատահական։ Չգիտեմ, ինչ կատարվեց, որ ինձ հրավիրեցին, սակայն «Անցյալի ստվերներ»  հեռուստանախագծի ադմինիստրատոր Էմիլիա Գրիգորյանը Ֆեյսբուքով ինձ գրել էր քասթինգ ունեն, եթե ինձ հետաքրքիր է, ներկայանամ «Շանթ» հեռուստաընկերություն։ Հաջորդ օրը ներկայացա, մի շաբաթ անց նորից կանչեցին, մի քանի օր անց արդեն հրավիրեցին պայմանագիր ստորագրելու։

 

Երբ անսպասելի մի տեղից հայտնվում ես այլ տեղում, հայկական տարբերակի համաձայն, կարծում են` ծանոթ–բարեկամն է օգնել կամ լավ «մեջք» ունես։ Ինձ համար լավ «մեջք» հայրս է, սակայն նա ներդրում չի ունեցել «Շանթում» աշխատանքի անցնելուս գործում, որևէ ծանոթ չունեի։) Առաջին «խոշոր» ծանոթս «Շանթում» մեր ռեժիսոր Մհեր Խաչատրյանն էր, սակայն նրա  հետ մտերմացա աշխատանքի անցնելուցս 3-4 ամիս անց։

 

–Նոր ոլորտ մտնելը ռիսկային փորձություն է։ Դերասանի ամեն սխալը հազարավոր  հեռուստադիտողների աչքի առաջ է լինում։ Հաճա՞խ ես  ռիսկի դիմում, ի՞նչ մտավախություններով մտար այս դաշտ։

 

–Ռիսկի գնալու մտավախությունը մեծապես պայմանավորված է տարիքով։ Կա տարիք, երբ չես հասկանում անելիքներիդ հետևանքը, կա մի տարիք, երբ չես հասկանում` սխա՞լ ես անում, թե՞ ճիշտ։ «Շանթում» հայտնվեցի անցումային տարիքում`18 տարեկան էի։ Ռիսկի գործոնը որոշ չափով հասկանում էի, սակայն  չեմ կարող վստահ ասել, որ լիարժեք գիտակցում էի հետևանքները։

 

Վրիպումներ եղել են և՛ դերասանական առումով, և՛ աշխատանքային։ Շատ շնորհակալ եմ այն բացառիկ մարդկանց, ովքեր հիմա իմ ընկերներն են, որ ամեն  կերպ փորձել են ինձ օգնել, աջակցել, սովորեցնել…

 

–Ընտանիքումդ արվեստագետներ, դերասաններ կա՞ն, որոնցից, գուցե, ժառանգել ես ի բնե տաղանդ։

 

–Արվեստագետներ չունենք, դերասաններ` առավել ևս։ Ընտանիքիս անդամների ու հարազատներիս մեծ մասը խորացած են ճշգրիտ գիտությունների մեջ։ Միգուցե, ժառանգական պայմանավորվածությունը կա, սակայն դա ուսումնասիրել չեմ կարող։ Չգիտեմ։

 

 

–Այս դեպքում գեներից բացի շատ կարևոր է նաև միջավայրը, որում մեծանում է մարդը։ Ի՞նչ միջավայրում ես մեծացել։ Արվեստն ի՞նչ տեղ է ունեցել քո հետաքրքրությունների շրջանակում։

 

–Փոքր տարիքում, երբ տանը մենակ էի լինում, հաճախ, թատերականացված մոնոլոգներ էի ունենում, տարբեր աղջիկների էի մարմնավորում։ Միգուցե, պատճառը պարապուրդի մատնվելն էր կամ այդպիսով  փորձում էի խուսափել դաշնամուր նվագելուց։) Դժվար է ասել։

 

Իհարկե, դաստիարակությունը շատ մեծ նշանակություն ունի։ Կարևոր է` ինչ միջավայրում ես մեծանում, մշակութային ինչպիսի դաստիարակություն ես ստանում։ Ծնողներս փորձել են ինձ ամեն կերպ մոտեցնել արվեստի ճյուղերին` դաշնամուրի, պարի, նկարչության եմ  գնացել, բայց այդպես էլ ամեն ինչ կիսատ եմ թողել։ Փոքր տարիքում մեզ թվում է, դա ստիպողաբար ենք անում։ Մեծանում ես ու հասկանում, որ կարելի էր ավելի լավ նվագել, ավելի լավ նկարել, առհասարակ, ամեն ինչ ավելի լա0վ անել ու կստացվեր։ Իմ ընտանեկան մթնոլորտում արվեստի շունչը եղել է։ Չես կարող մեծանալ ու մի օր որոշել, որ դու Դալի կամ Պիկասո ես սիրում, կամ որոշես, որ պիտի Ազնավուր լսես։ Քույրերս ինձանից մեծ են 9 տարի և ավելի, իրենք ինձ սովորեցրել են, որ պետք է լսել Ազնավուր, Ֆորշ, Լիլիթ Պիպոյան, Կոմիտաս… Հիմա այդպես ենք մեծացնում զարմուհիներիս։

 

– Հայտնիությունն ինչ–որ պահի ներխուժում է անձնական տարածք։ Յուրաքանչյուր քայլ` սկսած նրանից, թե սրճարանում ինչպես և ում հետ կնստես, վերջացրած  ինչ–որ լուսանկար կամ գրառում հրապարակելով, կարող է քննարկումների առիթ դառնալ։ Հասարակությունից առանձնանալու ցանկություն հաճա՞խ ես ունենում։

 

–Կարելի է բաժանել ուղիղ 50/50 տոկոսի։ 50 տոկոս դեպքերում շատ հաճելի է, երբ դու հայտնի ես, քեզ ճանաչում են, սիրում են, քեզ գնահատված ես զգում, մյուս 50 տոկոսում նման դեպքերը կարող են անհանգստացնել ու դիսկոմֆորտ առաջացնել։ Մարդ ես, երբեմն, ուզում ես մենակ լինել, ինչ–որ սրճարանում մենակ նստել։  Շատ դեպքեր են եղել, երբ մոտեցել են, հաշիվ են փակել և այլն։ Վերջ… օրդ չստացվեց, որովհետև դու, իսկապես, փորձում էիր մենակ մնալ։ Հասարակական միջավայրում էսպես, թե  էնպես չես կարող մենակ լինել, սակայն այս դեպքում հայտնիությունը մի քիչ ավելի է  խանգարում։

 

Ինչ վերաբերում է  անձնական տարածքին, շատ ծանր եմ տանում, երբ ինչ–որ մեկը  մտնում է իմ անձնական դաշտ։ Այն, ինչ իմն է, իմն է, քննարկման և հանրայնացման կարիք չունի, սակայն հարցը լսելիս ինձ բռնացրի մի գործողության վրա, երբ մեծ հետաքրքրությամբ կարդում էի Սոս Ջանիբեկյանի հարցազրույցը Մադոննայի հետ անձնական կյանքի, բալիկի սպասելու մասին (նկատի ունի Tert.am Life–ի բացառիկ հարցազրույցը Սոսի հետ)։ Շատ հետաքրքիր, բովանդակալից հարցազրույց էր, ահավոր մեծ հետաքրքրությամբ, շունչս պահած կարդացի ու վերջում հասկացա` ախր այս ամենն այդ մարդու անձնական կյանքի մասին էր։ Ստացվում է, երբ ես կարդում եմ ուրիշի մասին, ինձ հետաքրքիր է, ինչպես բոլոր հայերին, երբ հերթը հասնում է ինձ, չեմ ուզում  խոսել։ Իրականում, շատ բարդ հարց է։ Անձնական  սահմանները պահելը մշակութային խնդիր է, որը մեզ մոտ միշտ  խարխուլ է եղել։

 

 

Իննաորքան էլ չես սիրում խոսել անձնականիդ մասինքո և Հայկ Պետրոսյանի սիրավեպի լուրերի մասին հարց չտալ չեմ կարող։ Հարցն այդպես էլ օդում կախված մնաց,սակայն վերջինշրջանում նույնիսկ նկատելի էոր սկսել ես շատ շփվել այն մարդկանց հետ,որոնց հետ Հայկն էմտերիմօրինակՍոնա Ռուբենյանի։ Ի վերջոի՞նչ հարաբերություններունես Հայկի հետ։

 

–Սոնա Ռուբենյանն իմ մուսան է։ Սխալ կլինի ասել, որ շփվում եմ Սոնայի հետ, որովհետև նա մտերիմ է Հայկի հետ։ Սոնային սիրում եմ որպես  մարդ, որպես արտիստ։ Ընդհանուր ընկերներ բոլորս կարող ենք ունենալ։

 

Հայկի հետ հարաբերությունների մասին հարցը պիտի օդում կախված մնար, որովհետև  նախընտրում եմ անձնականիս հետ կապված ոչ մի հարցի չպատասխանել։

 

Չպատասխանելը ենթադրությունների տեղիք է տալիսոր փորձում ես թաքցնել։

 

–Եթե անձնականումս գլոբալ փոփոխություն լինի, միգուցե, կիսվեմ հանրության հետ, բայց այս պահին ոչ նշանված եմ, ոչ ամուսնացած… Ներկա պահին ասելու ոչինչ չունեմ:

 

–Քո մասին կարծիքները, բնականաբար, շատ տարբեր կարող են լինել։ Շատերի համար  բացասական կարծիքները սթրեսի առիթ են դառնում, շատերը կարողանում են անտեսել դրանք։Ի՞նչ ազդեցություն են ունենում քեզ վրա։

 

– Ես չեմ պատկերացնում մի կնոջ, որ բացասական կարծիքներից իրեն վատ չզգա ու սթրեսի մեջ չընկնի։ Տղամարդիկ էմոցիաների առումով ավելի սառն են, սակայն այդպիսի կին, կարծում եմ, չկա, որ ծանր չտանի, անգամ  թեթև բացասական կարծիքը, որքան էլ սթրեսակայուն, հավասարակշռված ու կայացած լինի։ Շատ է պատահել, երբ կարդացել եմ բացասական կարծիքներ, ծանր եմ տարել, մտածել եմ։ Սակայն դրանք բացառապես կոնստրուկտիվ բնույթ ունեն, նույնիսկ, անհրաժեշտ են, որովհետև, երբ քո մասին միայն դրականն ես լսում, սկսում ես ինքնահաստատվել դրա վրա։ Բացասականն անհրաժեշտ է, որպեսզի կարողանաս քեզ բալանսի վրա պահել, և քեզ, հանկարծ, չքաշի դեպի «աստղայինը»։

 

 

–Շատ նուրբ սահման կա նկատողությունների արդյունքում սխալները վերանայելու  և թերարժեքության բարդույթով չտառապելու միջև։

 

–Ես չեմ ճանաչում մի մարդու, ով թերարժեք չէ։ Մենք բոլորս տառապում ենք թերարժեքությամբ։  Եթե կա մեկը, ով թերարժեքություն չունի, դա ևս  հիվանդություն է։ Թերարժեքությունն էլ կոնստրուկտիվ բնույթ ունի, որպեսզի փոփոխություններ անես։

 

–Կան մարդիկ, ում  թերարժեք լինելն օգնում է զարգանալ, և մարդիկ, ում խանգարում է ապրել, վերածվում է կոմպլեքսների։ Քո դեպքում ինչպե՞ս է։

 

–Շատ նուրբ հարց է։ Ինձ մոտ այդ սահմանն առավել, քան նուրբ է։ Ինչու չէ, կոմպլեքսներ էլ ունեմ։ Եղել են թերարժեքության զգացումներ, որ վերածվել են կոմպլեքսի, որը կարող ես փոփոխել միայն  վերաբերմունքի փոփոխությամբ։ Այդ մասին խոսելը շատ բարդ է, նույնն է, որ խոսեմ կոմպլեքսներիս մասին, ինչը  սխալ եմ համարում։

 

–Հոգեբան Իննան հաճա՞խ է օգնում քեզ։

 

–Հոգեբանին ևս հոգեբան է պետք։) Մասնագիտությունս ինձ շատ–շատ է օգնում։ Հոգեբանության բաժին ընդունվելիս մի պատրանք կա, որ դու կսովորես և կդառնաս աշխարհի ամենաբանիմաց, մարդկանց հասկացող, բարի մեկը։ Այդ պատրանքը խորտակվում է սկսած առաջին իսկ տարուց։ Արդեն վերջին տարիներին հասկանում ես, թե ինչու ես այդտեղ և ինչ պիտի սովորեիր սպասելիքներիդ դիմաց։

 

Մեր ֆակուլտետում շատ են սիրում շեշտել, որ մեր բաժին ընդունված մարդիկ իզուր չեն ընտրել այս մասնագիտությունը։ Ենթագիտակցաբար, մենք  ընդունվում ենք այդ բաժին` նախ մեր խնդիրները լուծելու, հետո միայն մարդկանց օգնելու համար։ Չնայած, եթե շատ խորանանք կլինիկական դաշտում, բոլորը պետք է հոգեբանության բաժին ընդունվեին, բոլորս էլ ունենք դրա կարիքը։)

 

-Ինքդ ի՞նչ խնդիրներ լուծելու համար գնացիր Հոգեբանության բաժին։

 

–Այդ բաժին ընդունվելս, ինչպես բոլոր լավ իրողություններն իմ կյանքում, պատահական ստացվեց։ Ուզում էի ընդունվել փիլիսոփայության բաժին, չստացվեց, ամենամոտը հոգեբանությունն էր։ Ընդունվեցի այդ բաժին ու այնքա՜ն շնորհակալ եմ այդ պատահականության համար։

 

 

Ի դեպոչ միայն Հոգեբանության ֆակուլտետ ընդունվողներին է թվումոր իրենքմիանգամիցճանաչելու ամբողջ աշխարհըայլև շրջապատի մարդկանցորոնքերբեմն,զգուշանում ենորհանկարծ չմատնեն ավելինքան պետք է։ Քեզնից հաճա՞խ ենզգուշանում։

 

–Այս դեպքում ինձ օգնության է հասնում էքստրովերտությունս։ Երբ մարդկանց հետ բաց ես լինում, ենթագիտակցական մակարդակում դիստանցիան կոտրվում է, սակայն ամեն մարդու հետ չես կարող էքստրովերտ  լինել։ Չեմ բացառում, որ կան շատ մարդիկ, ովքեր, ինչու չէ, զգուշանում են։ Կան մարդիկ, ովքեր բացահայտ խոսում են այդ մասին, կան նաև մարդիկ, որ ասում են` դե դու հոգեբան ես, կիմանաս, մի 2 բան ասա իմ մասին։ Ահավոր չեմ սիրում այդ արտահայտությունը։ Հոգեբան ենք, հո ստի «դետեկտոր» չենք։)

 

–Բնականաբար, չենք կարող անտեսել, որ հոգեբանին էլ է հոգեբան անհրաժեշտ։ Որքան էլ տիրապետես մասնագիտական մի շարք նրբությունների, որքան էլ որպես անհատ ամբողջական լինես, մարդուն մարդիկ են պետք է` լիարժեք լինելու, իր ամբողջականությունը ռեալիզացնելու համար։ Ովքե՞ր են այն մարդիկ, որոնց դու ես պատմում խնդիրներիդ մասին։

 

–Վիճելի հարց է։ Որքան էլ շրջապատված լինես լավ մարդկանցով, միևնույն է, միայնակ ես` միայնակ ես ինքնառեալիզացվում, դժվարություններ հաղթահարում, ինքդ քեզ համար դժվարություններ ստեղծում, ուղղակի շրջապատը խթան է լավ կամ վատ իրադարձությունների, որովհետև, հակառակ դեպքում, մարդու մոտ դեպրիվացիայի փուլ է առաջանում, որը, անկասկած, մահվան է տանում։

 

Այն մարդիկ, ում խորհրդի կարիքը միշտ ունեմ, ընտանիքիս անդամներն են, բայց հստակ ասել, որ ամեն մանրուք կարող եմ քննարկել նրանց հետ, սխալ կլինի։ Մեզ սովորեցրել են, որ խնդիրների դեպքում կարելի է դիմել հոգեբանի, սակայն փոքր երկիր է, փոքր քաղաք… ամեն դեպքում մտավախություն կա։ Չնայած վստահ եմ, շատ ունենք լավ մասնագետներ, որոնց հետ կարող ես խոսել, կօգնեն ճիշտ ուղու վրա կանգնել, բայց քեզ համար ամենալավ խորհրդատուն ամեն դեպքում  ինքդ ես։ Կան մարդիկ, որոնց հետ կկիսվես, սակայն կա որոշակի անձնական սահման, որը միայն քոնն է, որքան էլ ուզես դուրս հանել, չես կարող։

 

Նույնիսկ եզակի ընտրված մարդկանց մոտ մինչև վերջ բաց լինել հնարավոր չէ։ Ես չափազանց ինտրովերտ եմ։ Իհարկե, եթե էմոցիաներս հասնեն կոկորդիս, կշփվեմ նաև հոգուս խորքից, բայց այդպես հազվադեպ է լինում։

 

–Ինչպես հասկացա, ինտրովերտի ու էքստրովերտի լավ միքս ես։) Բնականաբար, մենք առաջին հերթին մեզ հետ  ենք լուծում մեր խնդիրները։ Հաճա՞խ ես մենակ մնալու կարիք ունենում։

 

–Վտանգավոր է, բայց շատ հաճախ։ Մենակ սկսում եմ մտածել, իսկ երբ ընկերների ու հարազատների հետ ես, որքան էլ ուզես մտածել, արտաքին հանգամանքները շեղում են ուշադրությունդ։ Ամեն բան սիրում եմ մենակ անել, սակայն դա չի նշանակում, որ չեմ սիրում ընկերական շրջապատում։ Շատ լավ շեշտեցիր, էքստրովերտի ու ինտրովերտի միքս եմ, ոչ թե դրանց  միջանկյալ տարբերակը, այլ ծայրահեղ ինտրովերտ և ծայրահեղ էքստրովերտ` կախված նրանից, թե ինչպես ժամանակը կթելադրի։

 

 

–Հոգեբանի աշխատանքը ենթադրում է լսելու և լռելու ունակություն։ Սա կյանքում շատ պետքական հատկանիշ է, սակայն ոչ միշտ է հնարավոր կիրառել։ Քեզ մոտ ինչպե՞ս է ստացվում պահել այս գիծը։

 

–Մասնագիտական գործունեություն  հիմա չեմ ծավալում։ Բացի այդ, փոքրիկ մտավախություն ունեմ, որ որևէ մեկի հետ աշխատելու համար ինձ վրա աշխատելու տեղ ունեմ։ Մի պահ աշխատեցի իմ մասնագիտությամբ, սակայն  դրա համար այնքան անհատական ժամանակ է պետք, որ սերիալային ռեժիմում պարզապես  չեմ հասցնի։

 

Իսկ լսելու ունակությունն այն բացառիկ գծերից է, որն ինձ մոտ այնքան վառ է արտահայտված, որ նույնիսկ խանգարում է։ Ես լսում եմ, կուտակում, ձայն չեմ հանում ու այնքան ձայն չեմ հանում, որ երբ ուզում եմ արտահայտել, արդեն չեմ կարողանում։ Պայթյունային դեպք, կարծես թե, չեմ հիշում, թեև դեռ կարող է լինել, ինչու ոչ։

 

–Երբ ամեն բան ներսումդ ես կուտակում, արտահայտումն ավելի խորքային է լինում։ Հաճա՞խ ես սթրեսների մեջ ընկնում։

 

–Դու ուզում ես, որ ես խոսեմ կոմպլեքսներիս մասին։)

 

-Սթրեսը տանում է դեպի կոմպլե՞քս։

 

–Իհարկե, որոշակի կոմպլեքսներ ձևավորվում են դրա  հետևանքով։ Սթրեսակայուն եմ, ուղղակի կա մարդկային տեսակ, որի դեպքում պիտի լռես ու վերջ։ Կան դեպքեր, երբ ես կարող եմ հասկանալ, դիմացինս ինչ է ուզում ասել, խաբո՞ւմ է, թե՞ ոչ, բայց լսում եմ, ժպտում, ընդունում խոսքն ու դիմացինս այդպես էլ չի իմանում,  հավատում է, թե իրեն հաջողվեց  խաբել ինձ։

 

–Կեղծավորության սահմանը չանցնելու սահմանն ինչպե՞ս ես պահում։

 

–Լավ հարց էր… կարելի է մտածել այդ մասին։ Բայց դա կեղծավորություն չեմ համարում։ Կեղծավորություն կլինի եթե, օրինակ, քաջալերեմ դիմացինիս մի բանում, որի բարենպաստությանը թեկուզ 1 տոկոս կասկածում եմ։ Սակայն երբ լռում եմ, կեղծավորություն չէ, որովհետև ես իրավունք չունեմ անձնական սահման խախտելու։ Լռությունը կեղծավորություն չէ։

 

 

–Մասնագիտությունդ մարդկանց ճանաչելու գործիքներ ունի, ինչը շատ դեպքերում, իհարկե, օգնում է, սակայն մարդկանց ճանաչելու համար պետք է նաև կյանքի փորձ։ Որքանո՞վ ես կարողանում ճանաչել մարդկանց։

 

-Ինձ մոտ պաշտպանական մեխանիզմ կա, ես չեմ փորձում ճանաչել մարդկանց, որովհետև երբ փորձում ես մարդկանց ճանաչել, դուրս բերել լավ ու վատ հատկանիշները, ձեր հարաբերութունները փչանում են։ Դու ամեն ինչին սկսում ես վերաբերել որպես գիտական վերլուծության, իսկ դիմացինդ պարզապես շփվում է քեզ հետ։ Անհավասար շփում է ստացվում։ Ես մարդկանց ճանաչում եմ մեր հարաբերությունների, շփման, փորձի ընթացքում, ոչ մի բացահայտում ժամանակից շուտ չեմ կարող ու չեմ ուզում անել։ Մասնագիտորեն փորձում եմ մարդկանց  չճանաչել, ինչի հետևանքով շատ մարդկանց դեպքում սխալվում եմ, սակայն  ընկերների սխալ ընտրություն մինչև հիմա չեմ արել։

 

–Ստացվո՞ւմ է տիրապետել  ինֆորմացիային ու մեխանիկորեն չկիրառել այն։

 

–Շատ դժվար է։ Դա էլ ուղիղ կերպ կապվում է ինչ–որ բան նկատելու, բայց լռելու բնավորությանս հետ, երբ քո պաշտպանական մեխանիզմը լավ չի աշխատում, թուլանում ես ու մասնագիտական ինչ–որ գիտելիք միանում է։)

 

–Իննա, իմ տպավորությամբ, որքան էլ փորձում ես բարեհամբույր լինել և դիմացինին չվիրավորել, բնավորությանդ մեջ ունես որոշակի կտրուկություն։ Ինչքանո՞վ է դա խանգարում մարդկանց մեծ շրջանակի հետ շփման ժամանակ։

 

–Իմ ընկերները սովոր են իմ կտրուկությանը։ Ես կարող եմ լինել բացարձակ կոպիտ և բացարձակ նուրբ։ Հաճախ զարմանում եմ` ինչպե՞ս Աստված ինձ տվեց այնպիսի ընկերներ, որոնք դիմանում ու սիրում են ինձ։ Չեմ ժխտում, լինում են դեպքեր, երբ իմ կտրուկությունը խանգարում է նաև իմ ընտանիքում, սակայն երբ դու կտրուկ ես, ոչինչ չես կարող անել։ Ես նաև նուրբ եմ լինում։)

 

–Ընկերները քեզ ճանաչում են քո խորությամբ, սակայն լայն շրջապատում ոչ բոլորն են քեզ  ճանաչում այնքան, որ  հասկանան` ի՞նչ էր թաքնված այդ կտրուկության հետևում։ Բոլորի հետ ընկերներ լինել չի ստացվի, ինչպե՞ս պահում բոլորի հետ լավ լինելու և կտրուկությունդ ցույց չտալու սահմանը, թե՞ ընկերական  շրջապատից դուրս չես կարևորում` ով ինչպես կընկալի քայլդ։

 

–Մարդն, ամեն դեպքում, մտահոգ է` իր մասին կարծիքի վերաբերյալ, բայց ես ուղղակի փակ եմ պահում ինձ մեծ միջավայրում։

 

Չես կարող բոլորի հետ լավ լինել։ Չես էլ կարող մի օր վատ տրամադրությամբ արթնանալ ու  կտրուկ լինել այն մարդկանց հետ, ովքեր դա չեն հասկանա։ Հենց դրա համար են առանձնացնում գործնական  և անձնական հարաբերությունները։ Կան մարդիկ, ում հետ գործնական հարաբերություններ ունեմ և՛ թե կտրուկությունը, թե՛  նրբությունը գործնական մակարդակում է արտահայտվում։  Շատ վատ է, երբ տարանջատում ես մարդկանց տեսակավորում, սակայն այլ կերպ հնարավոր չէ։ Ե՛վ քեզ մոտ խառնաշփոթ կստեղծվի, և՛ դու սպիտակ ագռավ կդառնաս, որը բոլորին լավ կվերաբերվի, բայց դա անկեղծ չի լինի, կամ բոլորի հանդեպ կտրուկ  կլինես։

 

 

–«Էլենի օրագրի» նկարահանման հրապարակում տիրող ընկերական միջավայրի մասին քանիցս խոսվել է։ Բնականաբար, այնտեղ էլ առանձնանում են քո ընկերները` ամենամատերիմդ Հասմիկ Խոջյանն է։ Հայտնիներից էլ ովքե՞ր են քո մտերիմները։

 

–Հետաքրքիր մի փաստ կա, ինձ մոտ կապն ավելի շուտ ձևավորվում է նկարահանող անձնակազմի, քան դերասանների հետ։ Հնարավոր է, պատճառն այն է, որ նկարահանման խմբի հետ ավելի երկար ենք աշխատում։ Մարդիկ ինձ մոտ վստահություն են ձեռք բերում իրար երկար ճանաչելուց, տարբեր իրավիճակներում հայտնվելուց հետո։ Շատ քիչ ընկերներ ունեմ, սակայն կողքիս հավատարիմ, նվիրված, սիրով, ինձ հոգեհարազատ մարդիկ են։ Նկարահանող անձնակազմից շատ մոտ եմ Ամին Ավագյանի հետ։ Իմ փափուկ հրեշտակն է։ Մարդ, որն աշխատանքային հրապարակում ինձ համար և՛ սուպերէգոյի դեր է խաղում` երբ իմ էքստրովերտությունը  հասնում է բարձր մակարդակի, իջեցնում է և հակառակը` բնազդային մակարդակում իմ ցանկությունները, էյֆորիկ վիճակները արթնացնող մեկն է, երբ ես բացարձակ ինտրովերտ եմ լինում։

 

Հայտնիների անուններ նշել չեմ ուզում, որովհետև չեմ ուզում շատ անձնավորել։ Բոլորի հետ լավ եմ։

 

–Ասում ես, որ քեզ երկար ժամանակ է պետք մարդկանց հետ մտերմանալու համար, սակայն դերասանների շրջանում էլ կան մարդիկ, որոնց հետ երկար ժամանակ ես  աշխատել, երկար ճանապարհ անցել։ Ընդ որում` նկարահանման գրաֆիկից ելնելով` շփումներն ինտենսիվ են և ավելի շատ, քան, գուցե, ընկերներիդ հետ։ Արդյոք հենց ժամանակի խնդիրն է, թե՞ այլ պատճառներ կան։

 

–Դերասանների ընկերությունը հաճախ շարունակական է նախագծից նախագիծ։ Երբ նախագիծն ավարտվում է, դերասանների ընկերությունն էլ է  ավարտվում։ Հաջորդ նախագծում մտերմություն ես հաստատում ուրիշ դերասանների հետ։ Նախագծից նախագիծ հատուկենտ ընկերներ են մնում։

 

–Ինչո՞ւ կարող է նկարահանման խմբից մարդ մնալ քո կյանքում, դերասաններից` հազվադեպ։ Մրցակցության խնդի՞ր կա։

 

– (Մտածում է) մրցակցության խնդիր դերասանների մոտ միշտ կա, դա կապ չունի ընկերության հետ։ Մենք կարող ենք ընկերներ լինել, բայց աշխատանքային  դաշտում մրցակցենք, և դա լինի առողջ մրցակցություն։ Եթե դերասանների միջև մրցակցություն չլինի, կարող է լճացման տանել։ Իհարկե, ոչ բոլոր դեպքերում, բայց եթե ես չունեմ մեկին, ում հետ ուզում եմ մրցակցել, դադարում եմ լավ անել այն, ինչ անում եմ։ Սակայն մրցակցությունն էլ ընկերական դաշտում է։

 

Փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ են գործընկերներն ընկերներ դառնում։ Աշխատանքը ժամանակավոր է, հատկապես, մեր դեպքում և եթե չես հասցնում այնպես մտերմանալ, որ մարդուն բերես քո անձնական դաշտ,  նախագծի հետ ավարտվում է նրա առաքելությունն իմ կյանքում։

Ամալյա Հովհաննիսյան

Be the first to comment on "«Կան մարդիկ, որոնց դեպքում պիտի լռես ու վերջ». Իննա Խոջամիրյանը` ընկերների, Հայկ Պետրոսյանի հետ սիրավեպի լուրերի և անցած ուղու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*