«Սերժիկի մնացորդները գիտեին՝ Սերժիկի հետ ետ են գալու…». Զինված խմբի գործով կրքերը թեժանում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատական նիստը սկսվեց Վահան Շիրխանյանի հայտարարությամբ: Նա ասաց. «Դատավորն ու դատախազները Հայաստանում որևէ փոփոխություն չեն տեսնում… Հայաստանը անպատժելիության իրականությունից անցում է կատարում դեպի օրենքի գերակայության երկիր… Հայ ժողովուրդը ցույց տվեց իր գնահատականը Սերժ Սարգսյանին, նրա կլանին, որոնք վարում էին Հայաստանի կործանման քաղաքականություն… Հեղափոխությունը աղբանոց նետեց այս շինծու գործի պատվիրատուին՝ Սերժ Սարգսյանին, բայց դատավորն ու դատախազները շարունակում են ընթանալ աղբանոց նետված Սերժ Սարգսյանի ազդեցության տակ… Համոզված լինելով, որ այս դատավորն ու դատախազները մշտապես են լինելու ազգադավ Սերժ Սարգսյանի ազդեցության տակ, դատավորին ու դատախազներին հայտնում եմ անվստահություն…»:

Սա դատավորին՝ ինքնաբացարկի, դատախազներին բացարկի միջնորդություն չէր, ուղղակի ընդունվեց որպես հայտարարություն:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատարանը հինգուկես ժամ մնալով խորհրդակցական սենյակում՝ մերժել է կալանքի տակ գտնվող ութ ամբաստանյալների, այդ թվում՝ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը փոխելու, անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունները:

Վահան Շիրխանյանի հայտարարությունից հետո դատավորը ցանկանում էր շարունակել ապացույցների հետազոտումը, բայց միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը:

Նա ասաց, որ ի սկզբանե եղել է Գառնիկ Մարգարյանի պաշտպանը, և իր համար առնվազն զարմանալի ու տարօրինակ էր այն ապացույցի ձեռքբերումը, որի հիման վրա Գառնիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել… Գործով անցնողներից մեկը տեղեկություն է հայտնել, թե ինքը Արթուր Վարդանյանին հարցրել է՝ որտեղի՞ց նրան «այդ զենքը», իսկ Արթուր Վարդանյանը, իբր, պատասխանել է, թե Գառնիկ Մարգարյանն է տվել: Պաշտպանը տեսել է՝ ինչպես են վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները ոգևորվել՝ ասելով. «Գառնիկ Մարգարյանի դեմ ցուցմունք տվող կա»…

Պաշտպանը նշեց, որ եթե անգամ ընդունենք՝ Արթուր Վարդանյանը Գառնիկ Մարգարյանին առաջարկ է արել է իրեն միանալու, բայց Գառնիկ Մարգարյանի կողմից այդ առաջարկը մերժվել է: Իսկ վարույթն իրականացնող մարմինը առանց հաշվի առնելու՝ ում հետ գործ ունի, Գառնիկ Մարգարյանին ներգրավել է որպես մեղադրյալ:

Պաշտպանը նշեց, որ Գառնիկ Մարգարյանին ճանաչում է 1998 թվականից, մշտապես ականատես է եղել, որ Գառնիկ Մարգարյանը ակտիվ պայքար է տարել իշխանությունը բռնազավթած «առաջին դեմքերի» դեմ, նա նոթեր, նյութեր է գրել, կոռուպցիայի դեմ է փորձել պայքարել, ստեղծել է «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը՝ մտահոգ լինելով քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերով:

Պաշտպանն ընդգծեց, որ Գառնիկ Մարգարյանը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, թոշակի է անցել ոստիկանության գեներալի կոչումով: Նա պայքարել է ազգադավ իշխանության դեմ, բայց կողմնակից է եղել իշխանափոխության հասնել ո՛չ զինված ճանապարհով, նա բազմավաստակ գործիչ է, բազմաթիվ պարգևներ ունի:

Պաշտպան Հովիկ Արսենյանը պնդեց, որ ի սկզբանե իր պաշտպանյալի նկատմամբ «մութ ուժերի կողմից քաղաքական հետապնդումների ու հալածանքների» արդյունքում է այս գործով նրա դեմ ամբաստանություն արվել, և նա անհիմն կերպով մեկուսացվել է իր ընտանիքից ու հասարակությունից:

Հովիկ Արսենյանը միջնորդեց, որ դատարանը վերացնի Գառնիկ Մարգարյանի խափանման միջոց կալանավորումը, որպես նրա խափանման միջոց՝ ընտրի ստորագրությունը՝ չհեռանալու մասին կամ՝ գրավ կիրառի: Կամ՝ կիրառի անձնական երաշխավորությունը, քանզի ԱԺ երկու պատգամավորներ՝ Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀԿ խմբակցությունից՝ Ալիկ Սարգսյանը իրենց անձնական երաշխավորությունը կիրառելու հարցով դիմել են դատարանին, որպեսզի Գառնիկ Մարգարյանը ազատվի կալանքից: Պատգամավորներն իրենց դիմումի մեջ նշել են, որ հաշվի են առել Գառնիկ Մարգարյանի ծառայությունները Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի ոստիկանությանը, ինչպե նաև նրա տարիքն ու առողջական վիճակը:

Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև «Մեծն Տիգրան» աշխարահազորային գնդի վետերան ազատամարտիկների խնդրանքը՝ իրավական համակարգի վաստակավոր վետերան Գառնիկ Մարգարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:

Գառնիկ Մարգարյանի համար երաշխավորողները երաշխավորում էին, որ նա չի թաքնվի քննությունից, չի խոչընդոտի քննությանը: Խնդրում էին հնարավորություն ընձեռել, որ Գառնիկ Մարգարյանը քաղաքացիական հիվանդանոցի պայմաններում վերականգնի առողջությունը, որը քայքայել է երկուսուկես տարի անազատության մեջ գտնվելու պայմաններում:

Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը Գառնիկ Մարգարյանի կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխելու կամ գրավով փոխարինելու դեմ առարկեց՝ նշելով, որ դրա համար հիմքերը բացակայում են: Ինչ վերաբերում է ԱԺ երկու պատգամավորների անձնական երաշխավորությանը, ապա դատախազը, հղում կատարելով օրենքի համապատասխան հոդվածին, նշեց, որ անձնական երաշխավորություն ներկայացնողները պետք է դատարանի կողմից տեղեկացվեն իրենց պարտականությունների, ինչպես նաև երաշխավորության կիրառման հետևանքների մասին: Դատարանը անձնական երաշխավորության միջնորդության քննարկումից առաջ պետք է ստանա նաև յուրաքանչյուր երաշխավորի կողմից մուծված 500 հազար դրամի անդորրագրերը:

Պաշտպան Հովիկ Արսենյանը դժգոհեց՝ ԱԺ պատգամավորները իրենց դիմումի մեջ ուղղակի մատնանշել են, որ գիտեն օրենքի հոդվածները, որոնց համաձայն կատարում են իրենց երաշխավորությունը. «Արհեստական խոչընդոտներ մի ստեղծեք: Մեր պրակտիկայում չի էլ եղել, որ ԱԺ պատգամավորներին դատարան բերեն՝ իրենց ներկայացրած անձնական երաշխավորության հարցով, նույնիսկ… վիրավորական է…»,- ասաց Հովիկ Արսենյանը:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ամբաստանյալները, այդ թվում՝ Գառնիկ Մարգարյանը, ակնհայտ ապօրինի են պահվում կալանքի տակ, նրանց կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են.

«Մի հատ փաստարկ չեմ տեսել, ինչից ելնելով՝ մեղադրանքի կողմը պնդում է, որ անձը ազատության մեջ գտնվելով՝ կարող է խոչընդոտել քննությանը… Գոնե մի նյութով նման փաստարկ ամրագրված չէ… Մի՞թե պարզ չէ, որ պատասխան են տալու էս մարդկանց ապօրինի կալանքի տակ պահելու համար… Միջնորդում եմ, որ դատարանը Գառնիկ Մարգարյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկի ու որոշում կայացնի… Եթե դատարանն էլ է համարում, որ անհրաժեշտ է պատգամավորների ներկայությունը, թող ընդմիջում հայտարարի, որ պատգամավորները ներկայանան…»:

Նախագահողը Հայկ Ալումյանին հիշեցրեց, որ նախորդ նիստին նա, ի թիվս մյուս պաշտպանների, համաձայնություն էր տվել, որ ութ ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունները միասին քննվեն:

Հայկ Ալումյանը շեշտեց. «Էս անգամ խնդրում եմ մեկ-մեկ քննել՝ հաշվի առնելով անցածի փորձը…»:

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ անցած նիստին սպասում էին՝ այս դատարանը որպես նախադեպ կալանքից կազատի ամբաստանյալներին, բայց այդ նախադեպը կիրառեցին մյուս դատարանները՝ այլ գործերով: Մարդիկ պիտի հնարավորություն ունենան մեկ ժամ շուտ արզատ արձակվելու, այդ պատճառով միջնորդությունները պետք է անհապաղ քննվեն:

Պաշտպանը նշեց, որ կոնկրետ Գառնիկ Մարգարյանը իր պատկառելի տարիքում՝ նա 74 տարեկան է, «զնդանված է», նա պայքարել է այն Հայաստանի համար, որն այսօր է ստեղծվել… Փաստաբանը նախագահողին կոչ արեց. «Որոշում կայացրեք, որը բեկման կբերի»:

Ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանն ասաց. «Սերժիկի մնացորդները մինչև էրեկ գիտեին՝ Սերժիկի հետ ետ են գալու… Ես ցավում եմ մի բանի համար. հարգելի Բեկթաշյան, ես ձեր նկատմամբ մեծ հարգանք ունեի, մտածում էի՝ նախկին ռեժիմին չեք ենթարկվի, բայց սխալվեցի:

Դատախազների նկատմամբ նույնպես սխալվեցի… Ես ամեն օր չէ, որ պիտի դեղերով սնվեմ, իսկ դուք գնաք տուն՝ ձեր էրեխեքի մոտ… Սերժիկի կամակատարն ա էղել էն ժամանակվա ԿԳԲ-ն: Քանի ուշ չի՝ դարձի եկեք… Ինձ բանտարկել եք անհիմն… Անզեն աչքով էլ երևում է մարդկանց ծանր առողջական վիճակը: Անգամ Էդվարդ Ներսիսյանին, Վահան Շիրխանյանին մերժեցիք… Ոնց որ ինձ եք կալանավորել, ձեզ էլ են կալանավորելու ստեղից…»:

Դատարանն ընդմիջում հայտարարեց, որ դատարան ներկայանան անձնական երաշխավորություն ներկայացրած երկու պատգամավորները, և դատարան ներկայացվեն նրանց կողմից 500 հազարական դրամ մուծելու անդորրագրերը:

Դատական նիստի և ընդմիջման ընթացքում դատարանի շենքի առջև ակցիա էին անում մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով ազատ արձակել ազատամարտիկ ամբաստանյալներին: Նրանց կոչերից էին՝ «Մերժե՛ք հակահեղափոխական դատական համակարգին», «Ո՛չ հանցավոր ռեժիմի հանցավոր դատական համակարգին», «Ազատություն ազատամարտիկներին» և այլն:

Ընդմիջման ավարտին դատարան եկավ ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Գառնիկ Մարգարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն ներկայացրած երկու պատգամավորներից մեկը:

Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպանն ասաց, որ երկրորդ պատգամավորի՝ Ֆելիքս Ցոլակյանի հետ կապ հաստատել չի ստացվում, բայց իր մոտ են երկու անդորրագրերը՝ 500 հազարական դրամ մուծելու վերաբերյալ:

Մինչև դատական նիստի սկսվելը Ալիկ Սարգսյանին հարց ուղղվեց՝ արդյո՞ք նա նախկինում Գառնիկ Մարգարյանի՝ կալանքի տակ գտնվելու մասին չգիտեր, և ինչո՞ւ ավելի վաղ անձնական երաշխավորություն չի ներկայացրել:

Ալիկ Սարգսյանն ասաց, թե նախկինում այս գործով անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու հնարավորության մասին տեղյակ չէր, բացի դրանից՝ այն ժամանակ ասում էին, թե գործը քննվում է դատարանում, պետք է սպասել մինչև քննության ավարտը:

Դատական նիստը վերսկսվեց: ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի համար դատարանը պարզաբանեց, որ Գառնիկ Մարգարյանը մեղադրվում է ծանր հանցագործության կատարման համար: Պարզաբանվեցին նաև անձնական երաշխավորություն տվողների պատասխանատվության, մուծված գումարի չվերադարձման հնարավոր տարբերակի հարցերը:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ օրենքի պահանջներին տեղյակ է, պնդում է իր ներկայացրած անձնական երաշխավորությունը: Իր կողմից Ալիկ Սարգսյանը հավելեց. «Գառնիկ Մարգարյանը երկարատև անբասիր ծառայություններ է մատուցել մեր ժողովրդին ու Հայրենիքին, նա մշտապես եղել է առաջամարտիկներից մեկը… Նա «հատուկ բնավորության գծերով օժտված» անձնավորություն է, «առ այսօր նրան բոլորը հիշում են ու ցավում են, որ նա հայտնվեց այսպիսի գործի կիզակետում»: Պատգամավորը դատարանին հորդորեց հնարավորություն տալ, որ Գառնիկ Մարգարյանն ազատ արձակվի կալանքից…

Երբ Ալիկ Սարգսյանը դատարանի դահլիճից դուրս էր գալիս, դահլիճից նրան հարցրին՝ իսկ ամբաստանյալ ազատամարտիկներին չի՞ ճանաչում, իսկ Վահան Շիրխանյանին չի՞ ճանաչում՝ գոնե չբարևեց: Ալիկ Սարգսյանն ասաց, որ նստածներին չի ճանաչում, իսկ Վահան Շիրխանյանին ճանաչում է, բայց նա հեռու էր նստած. «Ես նախկինում Վահան Շիրխանյանի հետ երբևէ չեմ շփվել»,- ավելացրեց Ալիկ Սարգսյանը դուրս գալուց առաջ:

Խնդիր առաջացավ Գառնիկ Մարգարյանին կալանքից ազատելու, կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու համար միջնորդած երկրորդ պատգամավորի՝ դատարան ներկայանալու հարցում, քանի որ պաշտպանական կողմն այդպես էլ չէր կարողացել կապ հաստատելԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ, չնայած՝ վճարում կատարելու երկու անդորրագրերն էլ պաշտպանի ձեռքին էին:

Նախագահողը անհնար համարեց միջնորդության քննարկումը, քանի դեռ երկրորդ պատգամավորը դատարան չի ներկայացել, ու դատարանը նրան չի պարզաբանել անձնական երաշխավորությանը վերաբերող հարցերը:

Նախագահողը շատ արագ հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, կշարունակվի մեկ շաբաթ անց:

Դատարանի այս որոշումը բուռն դժգոհություն առաջացրեց ինչպես կալանքի տակ գտնվող ամբաստանյալների, այնպես էլ դահլիճում գտնվող ու դատարանի մուտքի առաջ հավաքված քաղաքացիների շրջանում:

Կոչեր հնչեցին, որ դրսում հավաքվածները փակեն դատարանի մուտքն ու դատավորին, դատախազներին չթողնեն դատարանից դուրս գալ՝ մինչև ազատամարտիկներն ազատ չարձակվեն:

Դատական նիստի ընդմիջելը խոչընդոտեց նաև մյուս պաշտպանների կողմից պատրաստված միջնորդությունների հնչեցմանը:

Մասնավորապես՝ «Ապարի»՝ Էդվարդ Ներսիսյանի շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանը դատարանին պետք է ներկայացներ իր պաշտպանյալի «Զորավար Անդրանիկ» մեդալը: Էդվարդ Ներսիսյանը պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից, պարգևատրումը ստորագրված է՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի ամսաթվով: Ու ամենաարտառոցն այն է, որ պարգևատրվածը՝ Էդվարդ Ներսիսյանը հենց այդ օրն է ձերբակալվել՝ «որպես պարգևատրում»… Ընդ որում՝ «Զորավար Անդրանիկ» մեդալով պարգևատրված լինելու մասին ինքը՝ Էդվարդ Ներսիսյանը այսօր էլ չգիտի՝ մեդալն այդպես էլ նրան չի հասել: Մեդալը այսօր «Ապարի» պաշտպանին է հանձնել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարը…

Պաշտպանը մտադիր է նաև միջնորդություն ներկայացնել՝ Էդվարդ Ներսիսյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին՝ որպեսզի ևս մեկ անգամ մասնագիտական եզրակացություն տրվի ամբաստանյալի՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակի ու նման առողջական վիճակով կալանքի տակ մնալու հնարավորության մասին: Սակայն միջնորդությունը հավանաբար կարվի հաջորդ դատական նիստին, եթե, իհարկե, դատարանը աշխատանքային ու ոչ աշխատանքային ժամանակի մեծ մասը չծախսի ընդմիջումների վրա ու խորհրդակցական սենյակում …

Հետաքրքիր է

 

 

«Սերժիկի մնացորդները գիտեին՝ Սերժիկի հետ ետ են գալու…». Զինված խմբի գործով կրքերը թեժանում են

Be the first to comment on "«Սերժիկի մնացորդները գիտեին՝ Սերժիկի հետ ետ են գալու…». Զինված խմբի գործով կրքերը թեժանում են"

Leave a comment

Your email address will not be published.


*