6 նոր մարզպետների կենսագրությունները. ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են սովորել և աշխատել

ՀՀ կառավարության հունիսի 1-ի օրակարգում են մի շարք մարզպետների ազատման և նորերի նշանակման մասին որոշման նախագծերը: Ըստ այդմ՝ Արամայիս Գրիգորյանը կազատվի Արարատի, Կարապետ Գուլոյանը՝ Կոտայքի, Հարություն Սարգսյանը՝ Վայոց ձորի, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու, Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Աշոտ Սիմոնյանը կնշանակվի Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ պաշտոնում:

Tert.am-ն ուսումնասիրել է նոր նշանակվող մարզպետների կենսագրությունները, պարզել նրանց անձնական կյանքը, ուսումը, նախկինում զբաղեցրած պաշտոնները: 6 նոր նշանակվող մարզպետներից 2-ը ՀՅԴ ներկայացուցիչներ են, 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 1-ը՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի աջակից:

 

Արագածոտնի մարզպետ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Աշոտ Սիմոնյանը, կարելի է ասել, վերանշանակվում է:

Նա Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2017 թ.-ի հուլիսի 13-ին և հրաժարական ներկայացրել մայիսի 3-ին՝ Դաշնակցության՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո: Այս ընթացքում Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը:

Աշոտ Սիմոնյանը ծնունդով Արագածոտնի Թալինի շրջանից է, մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու։ 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակում 14-րդն էր։ Մինչ մարզպետ նշանակվելը Աշոտ Սիմոնյանը եղել է ՀՅԴ Երևանի կոմիտեի ղեկավար:

 

Դաշնակցական մյուս մարզպետն Իշխան Սաղաթելյանն է, ով հունիսի 1-ին կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ:

Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ կողմից առաջադրվել է պատգամավորության թեկնածու Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում։

Իշխան Սաղաթելյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում: 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, պատմական գիտությունների թեկնածու է:

1999 թվականից ՀՅԴ անդամ է։ 2002-2006թթ.՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ: 2006-2007թթ և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:
2008-2009թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում` որպես ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական: 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականն է:

2006 թվականին հիմնադրել է «Իմեգա Սերվիս» տուրիստական ընկերությունը, 2010 թվականից «Նավասար Ինվեստմենտ» ներդրումային ընկերության հիմնադիր-տնօրենն է:

 

 

ՀՀ Արարատի մարզպետ է նշանակվելու Նոր կյանքի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:

Գ. Սարգսյանն ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դիվանագիտության բաժինը: 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2010-2012թթ. սովորել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (CES)՝ ստանալով եվրոպագետի մագիստրոսի աստիճան:

ՀՀ-ում աշխատանք չգտնելով՝ 2012-2015թթ. մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: 2015թ. մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

2016 թ. սեպտեմբերի 18-ին ընտրվել է Նոր Կյանք համայնքի ղեկավար։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

 

Կոտայքի ապագա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է:

Նա ծնվել է 1979թ.-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում: 1999-2001 թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը: 2003-2006թթ.-ին աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում՝ որպես ուսումնական նախագծի ղեկավար:

2006թ.-ի ընթացքում զբաղեցրել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետի պաշտոնը: 2006-2007թթ.-ին աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում: 2007-2008թթ.-ին ժամանակավորապես տեղափոխվել է ՌԴ՝ ք. Մոսկվա, և աշխատանքի անցել «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում: 2009-2014թթ.-ին վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում: 2015-2016թթ. աշխատել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգում՝ որպես կոմերցիոն բաժնի ղեկավար։

2013թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է: 2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊ կուսակցության հիմնադիր համաժողովին ընտրվել է կուսակցության վարչության անդամ:

 

Շիրակի մարզպետի թեկնածու Կարեն Սարուխանյանը Գյումրիից է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Կարեն Սարուխանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանը, 32 տարեկան է:

 

Հունիսի 1-ին Տավուշի մարզպետ կնշանակվի Իջևանի ավագանու անդամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանը:

Ղալումյանն ապրիլի 28-ին Իջևանում տեղի ունեցած հանրահավաքի կազմակերպիչներից էր: Նիկոլ Փաշինյանին դիմավորել և հանրահավաքի հարթակ ուղեկցել էր հենց Վահե Ղալումյանը:

 

 

6 նոր մարզպետների կենսագրությունները. ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են սովորել և աշխատել

 

Be the first to comment on "6 նոր մարզպետների կենսագրությունները. ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են սովորել և աշխատել"

Leave a comment

Your email address will not be published.


*